Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Աբու Դաբիյում նախօրեին հանդիպել է իր գործընկեր Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահիանի հետ, քննարկել համագործակցությունը, մասնավորապես, քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ և հումանիտար ոլորտներում։
Ըստ ադրբեջանական Azertac-ի՝ Բայրամովը Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարին է ներկայացրել «տարածաշրջանում վերականգնողական աշխատանքները», խոսել «խաղաղության պայմանագրից ու առկա մարտահրավերներից»։
Ադրբեջանի արտգործնախարարը կրկին ընդգծել է «ականների սպառնալիքներն» ու «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները», որոնք, ինչպես Բայրամովն է ասել, «առկա են Հայաստանի Սահմանադրության մեջ և մի շարք օրենսդրական ակտերում։
Ադրբեջանական կողմի փոխացմամբ, ընդգծվել է Արաբական Միացյալ Էմիրությունների աջակցության կարևորությունն «ականազերծման, ինչպես նաև Ադրբեջանի օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնման հարցում»։
Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, հրադադարը խախտելու մեղադրանքներ, վերջին օրերին էլ ականների հարցն է բարձրացնում՝ պահանջելով միջազգային հանրությունից պատասխանատվության ենթարկել Հայաստանին՝ «տարածքներն ականներով պատելու ու ականազերծման աշխատանքները միտումնավոր խոչընդոտելու համար»։
Երևանը Սահմանդրությունը փոփոխելու պահանջն իր ներքին գործերին միջամտելու փորձ է որակում, ԵԱՀՄ Մինսկի խմբի լուծարումն, ասում է, հնարավոր է միայն խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, հերքում է հրադադարի խախտումների բոլոր մեղադրանքները, իսկ ականապատ դաշտերի ավելի լավ որակի քարտեզներ, ըստ Երևանի, պարզապես չկան՝ Հայաստանն «ինչ քարտեզ ու տեղեկություն ունեցել է, արդեն փոխանցել է Բաքվին»։