Մատչելիության հղումներ

Պետք է անել վերջին քայլերը՝ խաղաղություն հաստատելու. Գերմանիայի նախագահը՝ Երևանում


ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, 31-ը մարտի, 2025թ.
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, 31-ը մարտի, 2025թ.

Կա խաղաղության համաձայնագիր, պետք է անել վերջին քայլերը՝ խաղաղություն հաստատելու համար, այսօր իր հայաստանցի գործընկեր Վահագն Խաչատուրյանի հետ ճեպազրույցում հայտարարեց պաշտոնական այցով Երևան ժամանած Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Շեշտեց՝ Հայաստանը վերջին շաբաթների ընթացքում շատ կառուցողական մոտեցում է դրսևորել այս հարցում։

«Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, վավերացմանը և իրագործմանն այժմ այլևս ոչինչ չի խանգարում։ Այդ առումով Հայաստանը որոշումներ է կայացրել, որոնք հանգեցրել են խաղաղության համաձայնագրի հնարավոր դառնալուն, և այժմ ադրբեջանական կողմը պետք է դադարի թերահավատ լինել։ Մարդիկ այս տարածաշրջանում սպասում են երկարամյա համակարտության ավարտին, և տնտեսական զարգացումն էլ կախված կլինի քաղաքական զարգացումներից։ Կարող ենք ասել, որ Հայաստանի համար հեշտ չի եղել հանգուցալուծման հասցնել այս հարցը, շատ երկրներ կարող են օրինակ վերցնել», - ասաց նա:

Գերմանական «Շպիգել»-ի լրագրողն էր փորձում երկու նախագահներից ճշտել՝ ի՞նչ հիմք ունի լավատեսությունը, երբ Հայաստանում որոշակի վերապահումով են վերաբերվում Բաքվի մտադրություններին:

Չնայած վերջին 20 օրերին Երևանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, Բաքուն դեռ չի արձագանքել, ավելին՝ չի հրաժարվում ստորագրման նախապայմաններից՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն և Մինսկի խմբի լուծարում:


Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատեց՝ Երևանը հետևողական է խաղաղության օրակարգին. «Այն դժվարությունները, որոնք կան և կլինեն, մենք գտնում ենք, որ հաղթահարելի են, և ցանկացած հարց կարելի է բանակցային սեղանի շուրջ լուծել: Պատերազմի, հակամարտության ժամանակն ավարտվել է, Հարավային Կովկասն այլևս այդ ռեսուրսները չունի նոր պատերազմների: Լավատեսությունը, գիտեք, հիմնվում է իրատեսության վրա, մենք իրատես ենք և անում ենք քայլեր, որոնք ոչ թե հեռացնում են մեր մոտեցումները, այլ ընդհակառակը՝ մոտեցնում են իրար»։



Խաղաղության համաձայնագրի նախագծի 17 կետերից մեկը վերաբերում է ստորագրումից հետո Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը։ Հայաստանի կողմից սահմանին պարեկություն անող Եվրամիության դիտորդական առաքելությունը ժամկետը փետրվարին երկարաձգեց ևս երկու տարով: Ու մինչ հայկական կողմը համաձայնել է սահմանից նրանց դուրս բերել, Գերմանիայի նախագահն այսօր կարևորեց դիտորդների ներկայությունը սահմանին՝ ընդգծելով՝ հավելյալ ապահվության երաշխիք են։

«Եվ դա շատ տպավորիչ և քաջալերող է, երբ սահմանում բնակվողները արտահայտվում են, թե ինչ դեր ունի ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը։ Առաքելության ներկայությունը լրացուցիչ ապահովության զգացում է ստեղծում, և վաղը շնորհակալություն կհայտնեմ առաքելության անդամներին», - շեշտեց նա։

Համարձակ որակեց Հայաստանի քայլը դեպի ԵՄ-ի հետ մերձեցում։ Վերահաստեց, որ առաջիկայում սպասվում է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի այցը Հայաստան։

Հայաստանի նախագահն էլ հիշեցրեց, որ բոլորովին վերջերս ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը՝ միաժամանակ ընդգծելով՝ անդամակցություն ճանապարհը երկար է լինելու:

Շտայնմայերին այսօր կառավարությունում ընդունել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Երևանից Գերմանիայի նախագահը կմեկնի Բաքու, որտեղ էլ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ Գերմանիայի նախագահի պաշոնական կայքէջի՝ Շտայնմայերը տարածաշրջանում կլինի մինչև ապրիլի 2-ը:

XS
SM
MD
LG