«Ցանկացած սադրանքի օպերատիվ արձագանքելու»՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հանձնարարությունից օրեր անց Բաքվից հայտնում են հայկական կողմի դեմ ձեռնարկված «համարժեք պատասխան գործողությունների» մասին։ Այդ երկրի ռազմական կառույցն առաջին նման հաղորդագրությունը շաբաթասկզբին, իսկ երկրորդն արդեն այսօր է տարածել՝ Հայաստանին կրկին մեղադրելով իր դիրքերը թիրախավորելու համար։
«Ապրիլի 8-ին՝ ժամը 19:20-ից մինչև 22:30-ը, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Վարդենիսի և Վերին Շորժայի դիրքերից փոքր տրամաչափի զինատեսակներով պարբերաբար կրակել են ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։ Նշված ուղղություններով ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են համարժեք պատասխան գործողություններ», - ասված է հաղորդագրությունում։
Երևանն այսօր ևս հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մեղադրանքները՝ հայտարարելով՝ դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Շաբաթներ շարունակ Բաքուն Երևանին մեղադրում է իր դիրքերը թիրախավորելու համար, այս նույն ընթացքում Սյունիքի սահմանային բնակավայրերից հաղորդում են արդեն երրորդ շաբաթն անընդմեջ չդադարող կրակոցների մասին։
Ադրբեջանական դիրքերով շրջապատված Սյունիքի Խնածախից ու Խոզնավարից այսօր էլ հաստատեցին՝ գիշերն առանց կրակոց չի անցել, բայց շեշտում են՝ դրանք բնակավայրերի ուղղությամբ չեն ու վերջին օրերին նվազել են։
«Ամեն դիրքից մի քանի փամուշտ է կրակվել, ավելի քիչ են կրակում», - ասաց Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը:
Խոզնվարի վարչական ղեկավար Վահան Զաքյանն էլ նշեց. - «Էլի կրակոցներ եղել են, նույն ժամը, նույն ձևի»:
Երեկ նաև Տավուշից ու Գեղարքունիքից էին «Ազատության»-ը հայտնել վերջին օրերին հնչած կրակոցների մասին։ Այսօր արդեն նույն բնակավայրերից փոխանցում են, որ անցած գիշերը խաղաղ է անցել:
Սահմանային կրակոցների ֆոնին այսօր հայտնի դարձավ, որ ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել։ «Ազատության» տեղեկություններով՝ դեպքը Գեղարքունիքում է եղել, բայց թե ինչ հանգմանքներում՝ Պաշտպանության նախարարությունը մանրամասներ չի հաղորդում:
Ռազմական կառույցից երեկ հայտնել էին, որ ապրիլի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշում իրականացնելու են սահմանազատման ընթացքում վնասազերծված ականների պայթեցման աշխատանքներ, Գեղարքունիքի մասին խոսք չկար:
Ըստ Աբրահամյանի՝ Սահմանադրությունը փոխելու պահանջով Բաքուն փորձում է ժամանակ շահել՝ իրավիճակն իր օգտին պահելու համար
Բաքվի մեղադրանքներն ու սահմանային գյուղերում կրակոցները հաջորդում են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցմանը։
«Ես կարծում եմ, որ Ադրբեջանը փորձում է մի կողմից տեղեկատվական տեռորի, մյուս կողմից առաջնագծում իրադրության սրացումներ հաղորդելով ճնշումների մեծ ալիք ուղղել Հայաստանի իշխանությունների նկատմամբ՝ փորձելով բանակցային գործընթացում ստանալ իր համար նախընտրելի հանգուցալուծումը», - ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Չնայած Երևանի պատրաստակամությանը, Բաքուն խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար նախապայմաններ է դնում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում ու Հայաստանի Սահմանադրության անհապաղ փոփոխություն, որում տարածքային պահանջներ են տեսնում:
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ Սահմանադրությունը փոխելու պահանջով Բաքուն փորձում է ժամանակ շահել՝ իրավիճակն իր օգտին պահելու համար։
«Ադրբեջանի համար էլ ակնհայտ է, որ ամբողջական նոր Սահմանադրության մշակումը չի կարող 1, 2, 3 ամսվա խնդիր լինել, դեռ չեմ խոսում այն ընթացակարգերը, որ ենթադրում են հանրաքվե և այլն: Ադրբեջանը գիտակցաբար է այդ թեման առաջին պլան բերում, որովհետև իմ տպավորությամբ Ադրբեջանն այդ ընթացքում փորձելու է այլ դրույթների մասով հասնել իր համար նախընտրելի հանգուցալուծումների և ընդհանուր արդյունքում բերել նրան, որ Հայաստանի իշխանությունների փաստաթղթերի ստորագրումը կամ մնացած կետերով Հայաստանի հետ համաձայնություններ ունենալը ամբողջությամբ ոչ միայն կապահովի իր շահերի իրացումը, այլ հնարավորություն կտա Ադրբեջանին Հայաստանը մշտապես պահելու իր վերահսկողության և ազդեցության տիրույթում», - ընդգծեց Աբրահամյանը:
Իշխող ուժից կարծում են՝ Բաքուն նման հռետորաբանությամբ ցանկանում է տապալել խաղաղության գործընթացը
Իշխող ուժից կարծում են՝ Բաքուն նման հռետորաբանությամբ ու սահմանային լարվածությամբ ցանկանում է տապալել խաղաղության գործընթացը։
Ըստ իշխանական պատգամավոր Մարիա Կարապետյանի, սակայն, պետք չէ տրվել սադրանքների. - «Ոչ մի ավել քայլ չպետք է անենք ո՛չ հռետորաբանության մակարդակում, ո՛չ գործողությունների՝ թույլ տալու, որպեսզի մեզ նորից հետ շպրտեն էդ հակամարտության հին դինամիկների մեջ, որի մեջ տասնամյակներով Հայաստանը գտնվել է ու ըստ էության ոչ մի հաջողության չի հասել»:
Կրակոցներից, մեղադրանքներից ու սպառնալիքներից զատ Բաքուն նաև զորավարժություններ է անցկացնում։ Այդ երկրի ռազմական կառույցը վերջին մարտավարական վարժանքների մասին երեկ է հաղորդել։