Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նկատմամբ ՀՀ տարածքային պահանջները կայուն ապագայի հիմնական խոչընդոտն են․ Ադրբեջանի ԱԳՆ


Ադրբեջանի արտգործնախարարության շենքը Բաքվում
Ադրբեջանի արտգործնախարարության շենքը Բաքվում

Հայաստանի Սահմանադրությունում և մի շարք օրենսդրական ակտերում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները շարունակում են մնալ տարածաշրջանի կայուն ապագայի հիմնական խոչընդոտը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։

Գերատեսչությունը նշել է, թե «պատմական հնարավորություն կա տարածաշրջանի պատմության արյունոտ էջերը վերջապես շրջելու և կայուն խաղաղություն հաստատելու համար»։

«Ադրբեջանը շարունակում է, այդ թվում՝ միջազգային ջանքերը, ադրբեջանական ժողովրդի դեմ հանցագործությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Միևնույն ժամանակ, Բաքուն վճռականորեն պահանջում է հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից», - ասված է հայտարարությունում։

Երևանը դեռ չի արձագանքել Բաքվի այսօրվա հայտարարությանը, սակայն երբ պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին, հայկական կողմն ասաց՝ պատրաստ է բանակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման տեղի ու ժամկետների վերաբերյալ, ու սպասում է ադրբեջանական կողմի արձագանքին։ Փոխարենը Բաքուն պայմաններ առաջ քաշեց՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, ԵՄ դիտորդների դուրսբերում։

Օրերս Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը կոչ արեց Երևանին՝ արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրումը՝ նշելով, թե «այդ հնարավորությունը հավերժ չի լինելու, և այն բաց թողնելը սխալ կլինի»։ Ամիրբեկովը նաև շեշտեց՝ Սահմանադրությունը պետք է փոխվի, սահմանից օտարերկրյա ուժերը պետք է հեռանան:

Երևանից էլ արձագանքեցին՝ խաղաղության պայմանագրի ստորագրման շանսը բաց չթողնելու համար Ադրբեջանը պետք է օր առաջ առաջարկի տեղ ու վայր և համաձայնեցնի Երևանի հետ, ու դա ստորագրվի:

Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխման պահանջին կամ նախապայմանին, Հայաստանը բազմիցս ասել է, որ դա լեգիտիմ պահանջ չէ և որ Հայաստանի սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չկա։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG