«Գյուղի ներքևից էր, օդ էին կրակում գյուղի վրայով, բայց բարձր: Երկու անգամ, ամեն անգամ մի տասը հատ, տասը հատիկ, էլի», - Սյունիքի մարզի Խոզնավարի վարչական շրջանի ղեկավար Վահան Զաքյանն է «Ազատությանը» պատմում`այս գիշեր դարձյալ ադրբեջանական կողմից կրակոցներ են լսել:
«10 անց 20, մեկ էլ 12 անց 20», - «Ազատությանը» փոխանցեց Զաքյանը՝ բացասաբար պատասխանելով հարցին, թե արդյոք ինտենսիվ էին կրակոցները. - «Չէ, չէ, ընդհատվող: Մենք չենք նկատում, ասենք, չենք տեսնում էդ փամփուշտը, ուղղակի կրակոցներն ենք լսում մենք: Լարվածություն չկա, մարդիկ բնականոն հունով աշխատում են, նորմալ ա լրիվ, խառը չեն ժողովուրդն, էլի: Կրակոցները միշտ էլ համարյա լինում ա»:
Խոզնավարի հարևան Խնածախի բնակիչ Կամելա Օհանյանն ասաց՝ գիշերն իրենց գյուղում ևս լսել են կրակոցների ձայները. - «Առաջվա նման տենց շատ չէ, բայց կրակել են: Նույն ժամերը՝ 10 անց 20, 12 անց կես, 2 անց քանի՝ տենց տարբեր ժամերի, գիշերվա կեսերն, էլի: Չէ, երկարատև չի եղել, կարճ էր տևում, բայց կրակել են»:
Գյուղացիներն ու սոցցանցերի տարբեր օգտատերեր կրակոցների մասին արդեն երկու շաբաթից ավելի է ահազանգում են: Մինչդեռ Պաշտպանության նախարարությունից այսօր ևս փոխանցեցին՝ սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ, և որ բազմիցս հայտարարել են՝ հրադադարի ինտենսիվ, էական կամ նպատակային ու թիրախային խախտումների դեպքում հանդես են գալիս պաշտոնական հաղորդագրություններով։
«Երբ լինում են թիրախային կրակոցներ, ինչպես օրինակ մարտի 31-ին Սյունիքի մարզի Խնածախ գյուղի բնակելի տան ուղղությամբ, Պաշտպանության նախարարությունն այդ մասին պատշաճ հաղորդում է», - «Ազատությանը» փոխանցել են նախարարությունից՝ շեշտելով՝ «պաշտպանական գերատեսչությունն ունի տեղեկատվական հստակ քաղաքականություն, որի հիմքում տարատեսակ հանգամանքներ, վերլուծություններ են»։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն, իր հերթին, ուղիղ հայկական կողմին է մեղադրել, այսօր ևս պնդեցին, թե երեկ երեկոյան ժամերից մինչև այսօր լուսաբաց հայկական ստորաբաժանումներն ընդհատումներով ինտենսիվ կրակ են բացել Ադրբեջանի բանակի դիրքերի վրա՝ օգտագործելով հրաձգային զենք: Ըստ այս հայտարարության՝ Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները պատասխան գործողություններ են իրականացրել:
Երևանից հերքեցին այդ պնդումները:
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում», - հայտարարեց Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը:
Սահմանային կրակոցների մասին «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն էր շաբաթ օրը ֆեյսբուքյան իր էջում գրել: «Հուսով եմ ՊՆ-ն շատ արագ տեղեկություն կտա Ադրբեջանի կողմից սահմանին արդեն մեկ ժամից ավել շարունակվող ինտենսիվ հրաձգության մասին», - գրել էր Առաքելյանը: Այս գրառման ներքևում հնչող հարցերին, թե ո՞ր ուղղությամբ, նա չէր պատասխանել: Այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Սյունիքի մարզի Տեղ, Խնածախ, Խոզնավար համայնքներում բնակվող իրենց թիմակիցներից է այդ տեղեկությունը ստացել:
Առաքելյանը հիշեցրեց՝ որ նախքան այս էլ, մամուլը ավելի քան երկու շաբաթ շարունակ գրում էր, որ սահմանին կրակոցներ են հնչում, տեղացիները հաստատում էին դա, բայց Պաշտպանության նախարարությունը միայն 7-8-րդ օրը պաշտոնապես հաստատեց այդ տեղեկությունը: «Այսպես Պաշտպանության նախարարության հանդեպ անվստահությունը մեծանում է», - նկատում է նա:
«Հերթական անգամ ականատես ենք լինում, որ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն չի տարածում, սրանով փորձ է անում այդ տեղեկատվությունը թաքցնել հերթական անգամ՝ այդ Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը չվնասելու նպատակով», - ընդգծեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրը:
Կրակոցների մասին տեղեկությունները, Ադրբեջանի պարբերական մեղադրանքները սկսվեցին խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից մոտ մեկ շաբաթ անց: Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունը դարձյալ հիշեցրել է վարչապետի աշխատակազմի առաջարկությունը՝ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։