Մատչելիության հղումներ

Տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին․ Ռայիսի


 Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսի, արխիվ
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսի, արխիվ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին, այսօր հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։

Անդրադառնալով Իսրայելի վրա Իրանի պատասխան ռազմական հարձակմանը՝ Ռայիսին՝ նախ այն «հակասիոնիստական գործողություն» է որակել՝ ապա շեշտել՝ «այն սիոնիստներին պատժելու ճշգրիտ գործողություն էր»։

Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը նաև սահմանափակ գործողություն է համարել՝ նշելով՝ «եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։

«Եթե սիոնիստները որևէ քայլ ձեռնարկեն մեր շահերի դեմ, Իրանի պատասխանն ավելի կոշտ կլինի։ Այսօր այլևս չի խոսվում Իրանի դեմ ռազմական տարբերակի մասին՝ շնորհիվ մեր զինված ուժերի զսպողականության և հեղինակության», - հայտարարել է Ռայիսին՝ շեշտելով՝ Իրանի ռազմական ուժերն անվտանգություն ստեղծողներ և խաղաղություն հաստատողներ են։

Իրանի նախագահը կրկին ընդգծել է․ - «Ես ասել եմ տարածաշրջանի երկրներին, որ սիոնիստական ռեժիմի հետ կապեր ունենալու փոխարեն պետք է ապավինեն իրենց ունեցածին և մահմեդական ուժերին։ Տարածաշրջանում արտաքին ուժերի կարիք չկա»։

Ապրիլի լույս 14-ի գիշերը Իրանը հարյուրավոր ԱԹՍ-ներ ու հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ, որոնց գերակշիռ մասը օդում ոչնչացվեցին Իսրայալի, ԱՄՆ-ի ու այլ դաշնակիցների հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով։ Թեհրանը հայտարարեց, որ հարձակումը պատասխանն էր ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժանմունքի վրա Իսրայելի օդային հարվածի, որի հետևանքով իրանցի պաշտոնյաներ են զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG