Մատչելիության հղումներ

Իրանն ու Իսրայելը շարունակում են սպառնալիքներ փոխանակել


Իրան - Իրանական հրթիռները պատկերող վահանակ Թեհրանի կենտրոնում, 15-ը ապրիլի, 2024թ.
Իրան - Իրանական հրթիռները պատկերող վահանակ Թեհրանի կենտրոնում, 15-ը ապրիլի, 2024թ.

Չնայած Վաշինգտոնից և արևմտյան մյուս մայրաքաղաքներից հնչող զգուշացումներին՝ Իսրայելն, ըստ ամենայնի, կպատասխանի Իրանի հարձակմանը։ Այս հետևությանը կարելի է հանգել Իսրայելի զինված ուժերի հրամանատար Հերցի Հալևիի՝ երեկ երեկոյան հրապարակված հեռուստաուղերձից։

«Մենք մանրակրկիտ կերպով գնահատում ենք ստեղծված իրավիճակը։ Մեր զինված ուժերը մնում են մարտական պատրաստության ամենաբարձր մակարդակի վրա։ Իրանն առերեսվելու է իր գործողությունների հետևանքներին», - հայտարարում էր իսրայելցի գեներալը։

Նախօրեին Իսրայելի ռազմական կաբինետը մի քանի ժամ շարունակ քննարկում էր Իրանին հնարավոր պատասխանների տարբերակները։

CNN-ի տեղեկություններով՝ իսրայելցի ղեկավարներն այդ խորհրդակցության ընթացքում դիտարկել են ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական միջոցները։

«Ռազմական կաբինետը պատասխան գործողությունների հարցում բավական հաստատակամ է, բայց այս պահին դեռ հստակ չէ՝ արդյոք վերջնական որոշում կա, թե՝ ոչ», - ամերիկյան հեռուստաընկերությանը փոխանցել է իսրայլեցի պաշտոնյաներից մեկը՝ նշելով, թե կառավարության անդամների շրջանում զգացողություն կա, որ «Իսրայելը չպետք է հապաղի»։

Այն, որ Իսրայելը, չնայած միջազգային ճնշմանը, հակված է ռազմական պատասխանին, Թեհրանում ևս հասկանում են։

«Իրանի պատասխանը լինելու է շատ կոշտ, ցավոտ և ծավալուն», - այսօր Քաթարի էմիրի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ էբրահիմ Ռաիսին։

Այն, որ Թեհրանը իսրայելական հարվածի դեպքում չի սահմանափակվի ոչ ամենաժամանակակից հրթիռների ու դրոնների խորհրդանշական հարվածներով, ինչպես եղավ ապրիլի 14-ին, երեկ երեկոյան հայտարարում էր նաև Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։

«Եթե իսրայելական վարչակազմը սխալ գործի, ապա այդ դեպքում մեր պատասխանը նվազագույն չի լինելու։ Այն լինելու է ակնթարթային և կոշտ։ Այդ մասին Իրանի ռազմական հրամանատարները արդեն իսկ հայտարարել են», - ասում էր իրանական դիվանագիտության ղեկավարը։

Աբդոլահիանի տեղակալ Ալի Բաղերի Քանիի խոսքով՝ նույնիսկ հիմա, ծայրահեղ լարվածության այս պայմաններում, իսրայելցիներն ընտրության հնարավորություն ունեն։

«Եթե սիոնիստական ռեժիմը համակերպվի այն պատասխանի հետ, որ ստացավ ապրիլի 14-ին, և որպես ռացիոնալ դերակատար գործի, ապա Իրանի Իսլամական Հանրապետությունը որևէ հավելյալ գործողության չի դիմի։ Բայց եթե սիոնիստական վարչակազմը որոշի թեկուզ մի փոքր գործողություն իրականանցել մեր երկրի, ժողովրդի կամ շահերի դեմ, ապա կասկած չունենաք՝ իսրայելցիները շատ կոշտ և վճռական պատասխանի կբախվեն։ Այս անգամ որևէ մեկը 12 կամ 13 օր չի սպասի։ Պատասխանը նույնիսկ ոչ թե ժամերի, այլ վայրկյանների ընթացքում է հետևելու», - հայտարարում էր Իրանի փոխարտգործնախարարը՝ զգուշացնելով նաև Իսրայելի դաշնակիցներին.

«Եթե այս հակամարտության ընթացքում որևէ մեկը այս կամ այն կերպ ցանկանա աջակցել սիոնսիտական վարչակազմին, մենք կթիրախավորենք նաև այդ պետությունների տարածքներն ու շահերը»:

XS
SM
MD
LG