Մատչելիության հղումներ

Քըլըչը Երևանին՝ հանդիպել, Լավրովը՝ կողմնորոշվել է առաջարկում. Ըստ փորձագետի, թուրք դիվանագետի առաջարկը ֆորումի միակ լուրջ արդյունքն է


«Հանդիպում կլինի, օրն ու վայրը դեռ կորոշենք»․ Երևան-Անկարա հնարավոր նոր շփման մասին հայտարարել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի բանագնացը:

Հայկական կողմը դեռ չի հաստատել ռուսական լրատվամիջոցների տարածած այս տեղեկությունը։

Երեկ Անթալիայի դիվանագիտական ֆորումում էր Սերդար Քըլըչը հայ գործընկերոջը՝ Ռուբեն Ռուբինյանին առաջարկել եկող շաբաթ հանդիպել Երևանում։ «Կքննարկենք», - ասել էր Ռուբինյանը։

Սա, ըստ թուրքագետ Նելլի Մինասյանի, կարող է դառնալ Անթալիայի ֆորումի՝ մեզ համար միակ դրական արդյունքը։

«Բայց դրան էլ պետք է վերապահումով մոտենալ, որովհետև կարող է լինել հանդիպում, բայց կրկին ձեռք բերված պայմանավորվածությունները չիրականացվեն», - «Ազատության»-ը փոխանցեց Մինասյանը։

Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացները շուրջ երկու տարի առաջ պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ Հայկական կողմը Մարգարայի անցակետի շինարարությունն ավարտեց, սահմանը դեռ փակ է։

Երկրորդ օրն է՝ Անթալիայում շարունակվում է ֆորումը

Անթալիայում շարունակվում է ֆորումը՝ տարբեր երկրների բարձրաստիճանների մասնակցությամբ։ Այստեղ է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ արտգործնախարարի գլխավորությամբ։

«Հարթակ է, որտեղ, որ խոսում են, ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռքբերում և կենտրոնը Թուրքիան է, այսինքն՝ սա Թուրքիայի քաղաքականության արդյունքն է և ինչ-որ առումով` նրա իմիջին է վերաբերվում», - ասաց Նելլի Մինասյանը։

Թուրքագետն այս հավաքի ամենաուշագրավ հայտարարությունը համարում է Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարինը։

«Անկարան կարող է շատ հզոր խթան հաղորդել Հարավային Կովկասում կայունացմանը և ամրապնդել իր դերը որպես տարածաշրջանում առաջատար տերություն», - երեկ հայտարարել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։

«Ռուսաստանը կորցրել է մեր տարածաշրջանում ռազմավարական դիրքեր, և դրանից օգտվել է Թուրքիան, դա ակնհայտ գործընթաց է, որի մասին չի բարձրաձայնում ռուսական կողմը, բայց իրենք շատ լավ հասկանում են և, փաստորեն, բարձրաձայնեցին այդ մասին եվրոպացիները», - ասաց փորձագետը։

Հարցին, թե թուրքերը, ռուսների տեղը զբաղեցնելով, կարո՞ղ են կայունացնող դեր ունենալ տարածաշրջանում, Նելլի Մինասյանը պատասխանեց՝ կարող են, որովհետև, ըստ նրա, բոլոր անկայունությունները հենց Անկարայից են գալիս։

«Ադրբեջանը հենվում է առաջին հերթին թուրքական աջակցության վրա իր բոլոր ձեռնարկումներում, այդ թվում՝ էսկալացիաների և իրավիճակի սրումների հետ կապված», - նկատեց փորձագետը։

Ըստ Նելլի Մինասյանի՝ թուրքական ազդեցության ծավալումն առանց հավասարակշռման՝ սպառնալիք է Հայաստանի համար։

«Ռուսկաան ազդեցության կրճատումը, եթե դա չի բալանսավորվում այլ ազդեցությամբ, օրինակ, իրանական ազդեցությամբ կարող է բալանսավորվել, կամ նույն Արևմտյան ազդեցությամբ, հակառակ դեպքում ուղղակի թուրքական ազդեցությունը մեր բոլոր խնդիրների հետ կապված, այդ թվում՝ նաև միութենական խնդիրների հետ կապված, սպառնալիք է», - ընդգծեց Մինասյանը։

«Ոչ գեղեցիկ տեսարան է»․ Լավրով

Ռուսաստանի գլխավոր դիվանագետն էլ Անթալիայում և լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի ղեկավարության քայլերն ու հայտարարություններն ամբողջացրել է «ոչ գեղեցիկ տեսարան է» ձևակերպմամբ։

«Մենք սպասում ենք, որ պաշտոնապես ասեն, թե վերջնական որոշումը ո՞րն է, թե չէ ասում են՝ «ՀԱՊԿ-ում մեր անդամությունը կսառեցնենք դե ֆակտո, կուզենք դե յուրե կսառեցնենք»։ ԵԱՏՄ-ն դեռ հետաքրքիր է, ինչ-որ բան ստանում ենք։ Ոչ գեղեցիկ տեսարան է», - այսօր ֆորումին հաջորդած ասուլիսի ընթացքում հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ շեշտելով՝ կցանկանային, որ հայ գործընկերները կողմնորոշվեին, թե ինչպես են ուզում ապրել։

«Հայաստանի ղեկավարությունը որոշել է հույսը դնել տարածաշրջանից դուրս գտնվող երկրների վրա, որ սիրաշահում են Երևանին, խոստանում օգնել բոլոր փորձանքներում, միայն թե Հայաստանը խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ», - ասել է Լավրովը։

Անթալիայի հավաքը շարունակվելու է նաև վաղը։ Լավրով-Միրզոյան հանդիպում եղե՞լ է, լինելո՞ւ է՝ հայտնի չէ։ Արարատ Միրզոյանը երեկ Թուրքիայի ու Քուվեյթի, այսօր Մոզամբիկի արտգործնախարարների հետ է հանդիպել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG