Ավելի քան մեկուկես տարվա ընդմիջումից հետո հայ և թուրք բանագնացներն Անթալիայում պայմանավորվել են նորից հանդիպել։ Օրը և վայրը, սակայն, դեռ հստակ չեն, «Ազատության»-ը տեղեկացրեց Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել անցած շաբաթ Անթալիայի դիվանագիտական համաժողովում, որն ընդհանուր առմամբ պաշտոնական Երևանը դրական է գնահատում։ Սպասելիքներն այլ են Ստամբուլում։
«Նախ և առաջ Թուրքիան այլևս ինքն իր կամքը չունի՝ այդ գործընթացը զարգացնելու համար, պետք է արտոնություն ուզեն իբրև թե կրտսեր եղբորից՝ Ալիևից, և եթե Ալիևն ասի՝ այո, կարող ես առաջընթաց ունենալ, հազիվ այդ դեպքում այդ առաջընթացը լինի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը։
Նրա կարծիքով՝ շատ հարցերում վերջնական խոսքը ոչ թե Անկարայինն է, այլ Բաքվինը. - «Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կամ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների սահմանումի մեջ Ալիևը ավագ եղբայր է այլևս, ոչ թե Էրդողանն է, ավելի ճիշտ՝ Բաքուն ավելի որոշիչ դերակատարություն ունի, Անկարան իր ծանրությունն արդեն վաղուց կորցրել է»։
Վերջին շրջանում տնտեսական խնդիրների բախված Անկարան կախման մեջ է հայտնվել Բաքվից թե՛ վառելիքի, թե՛ զենքի գործարքների պատճառով, ասում է Էստուկյանը։ Տասնամյակներով հայ-թուրքական հարաբերություններին հետևող խմբագիրը չի սպասում, որ առաջիկայում հայ-թուրքական բանակցություններում էական առաջընթաց կլինի, քանի որ դեռ Բաքվի ձայնը կարևոր է Անկարայում։ Մինչ այդ նրա կարծիքով՝ նկատելի է, որ Երևանը պատրաստ է առաջընթացի, Անկարան՝ ոչ։
«Եթե Հայաստանի և Թուրքիայի միջև արժանապատվությունը հարգող խաղաղության համաձայնություն կնքվի, վստահ եղեք, որ հաջորդ օրը Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները կսկսեն վատթարանալ, կամ եթե նույնիսկ Հայաստանի ու Թուրքիայի միջև նման համաձայնություններ լինեն, այս անգամ էլ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները դարձյալ կվատթարանան։ Նրանց հարաբերությունները ամուր պահող հայատյացությունն է», - նշեց նա։
Անկարան հիմա ընտրել է դանդաղ և փոքր քայլերով առաջ շարժվելու տարբերակը. թուրքագետ
Եթե Ստամբուլում լույս տեսնող «Ակօս»-ը թարմ է պահում հայ-թուրքական բանակցությունների թեման, ապա Թուրքիայում գործող մյուս լրատվամիջոցները վերջին մեկուկես տարում գրեթե մոռացության են մատնել հարցը, նկատում է Էստուկյանը։ Նույնն է ասում նաև թուրքական Ռուբեն Սաֆրաստյանը։ Նա հիշեցնում է Թուրքիայի տարբեր պաշտոնյաների հայտարարություններ, թե քանի դեռ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չի կնքվել, հայ-թուրքական սահմանը չի բացվելու։
«Գուցե և միջանցքի խնդիրը թողնեն որպես երկրորդ քայլ, և եթե լինի այն, ինչ Թուրքիան ակնկալում է, այսինքն՝ բանակցային գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ավարտվի պայմանագրի ստորագրմամբ Ադրբեջանի նախապայմանների կամ պայմանների հիման վրա, կլինի փոքրիկ քայլ դրական առումով Թուրքիայի կողմից», - ասաց նա։
Թուրքագետը, որ հետևում է դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկու երկրների շփումներին, կարծում է՝ հիմա Անկարան ընտրել է դանդաղ և փոքր քայլերով առաջ շարժվելու տարբերակը՝ վերականգնվել է ավիահաղորդակցությունը, թույլտվություն կա օդային ուղիղ բեռնափոխադրման համար։
«Միանգամից Թուրքիան չի գնա հարաբերությունների կարգավորման, այլ կփորձի այդ փոքր քայլերի միջոցով Հայաստանի վրա ճնշում գործադրել Ադրբեջանի միջոցով և այլն, ստանալ այն, ինչ ինքն ակնկալում է», - նկատեց Սաֆրաստյանը։
Հայաստանի և Թուրքիայի բանագնացները մեկուկես տարի առաջ պայմանավորվել էին նաև բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագրով մարդկանց համար ամենասեղմ ժամկետում։ Մինչև այժմ, սակայն, այդ պայմանավորվածությունը մնացել է թղթի վրա, ընդ որում՝ պաշտոնական Երևանը պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է, և հայկական կողմից որևէ խոչընդոտ չկա։
Այս տարի Հայաստանի արտրգործնախարարը երրորդ անգամ էր մասնակցում Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որի շրջանակում բանակցեց Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վերահաստատել են հարաբերությունների կարգավորմանը հասնելու պատրաստակամությունը: Հանդիպմանը ներկա էին նաև երկու երկրների հատուկ բանագնացները, սակայն առանձին բանակցություններ Ռուբինյանը և Քըլըչը վերջին անգամ անցկացրել են 2022 թվականի ամռանը։