«Զանգեզուրի միջանցք»-ը կարող է դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև «վստահության և խաղաղության ամրապնդման կարևոր միջոց», Անթալիայի դիվանագիտական ֆորումի պանելային քննարկման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Նա հայտարարել է, թե այս նախագծի իրականացումը օգուտ կբերի և լիովին կբավարարի տարածաշրջանի այլ երկրների՝ առաջին հերթին Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի շահերը։
Իլհամ Ալիևի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Երևանը «կգիտակցի Հայաստանի համար այս ծրագրի օգուտը»։ Հակառակ դեպքում, նրա պնդմամբ, «բաղձալի խաչմերուկը վտանգում է մնալ տարածաշրջանային փակուղի»:
Պաշտոնական Երևանն Ադրբեջանի իշխանությունների կողմից «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը գնահատում է տարածքային նկրտում Հայաստանի նկատմամբ։
Անցած տարեվեջին Բաքուն հայտարարեց, թե «Զանգեզուրի միջանցք»-ը կորցրել է իր գրավչությունը»՝ նշելով՝ այդ ծրագիրը կարող է իրականացնել Իրանի հետ։ Սակայն, այս տարեսկզբից Ադրբեջանը հարցը կրկին օրակարգ է բերել՝ պնդելով, թե Հայաստանը պետք է Նախիջևանի հետ ճանապարհ տրամադրի՝ առանց մաքսային ու սահմանային վերահսկողության։