Մատչելիության հղումներ

Միլլեր․ «Լեռնային Ղարաբաղում հումանիտար կացության սրընթաց վատթարացումը մեզ խորապես մտահոգում է»


«Լաչինի և Աղդամի ճանապարհները պետք է բացվեն անհապաղ և միաժամանակ», - անցած գիշեր, դեռ մինչև ռուսական բեռնատարի մուտքը Լեռանային Ղարաբաղ, Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ, հայտարարում էր Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով ադրբեջանական «Թուրան» գործակալության թղթակցի հարցին։

«Լեռնային Ղարաբաղում հումանիտար կացության սրընթաց վատթարացումը մեզ խորապես մտահոգում է։ Մենք կրկնում ենք ծայրահեղորեն անհրաժեշտ մարդասիրական բեռները Լեռնային Ղարաբաղում բնակվող տղամարդկանց, կանանց ու երեխաներին հասցնելու նպատակով Լաչինի և Աղդամի երթուղիների անհապաղ և միաժամանակյա բացման վերաբերյալ պետքարտուղարի կողմից հանգստյան օրերին հնչեցրած կոչը։ Ինչպես և պետքարտուղարը, մենք նաև կոչ ենք անում առաջնորդներին զերծ մնալ գործողություններից, որոնք շեղում են այդ նպատակից և մեծացնում են լարվածությունը», - հայտարարում էր Միլլերը՝ նշելով նաև, որ ամերիկյան կողմի համար այս հարցի կարևորության վկայությունն այն փաստն էր, որ պետքարտուղար Բլինքենը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսազրույցներ էր ունեցել ոչ թե Վաշինգտոնից այլ իր ասիական ուղևորության ընթացքում՝ մեկի հետ Հանոյից, մյուսի հետ՝ Դելիից։

Վաշինգտոնը չի ճանաչում ԼՂ նախագահական ընտրությունների արդյունքները։

Երկուշաբթի երեկոյան հրավիրված ասուլիսի ընթացքում Պետդեպարտամենտի խոսնակը չշրջանցեց նաև Ստեփանակերտի և Բաքվի ուղղակի երկխոսության հարցը՝ հարկ համարելով, սակայն, ընդգծել, որ Վաշինգտոնը չի ճանաչում շաբաթ օրը Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները։

«Թեև կարևոր է, որ այդ գործընթացի համար Լեռնային Ղարաբաղը վստահություն վայելող ներկայացուցիչներ ունենա, բայցևայնպես նախկինում էլ ասել ենք՝ Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն մենք չենք ճանաչում։ Այդ իսկ պատճառով չենք ճանաչում նաև այսպես կոչված նախագահական ընտրությունների արդյունքները, որոնք հրապարակվեցին օրերս», - հայտարարում էր Մեթյու Միլլերը։

«Սրանք սովորական զորավարժություններ են»

Ճեպազրույցին ներկա լրագրողներից ևս մեկը Պետդեպարտամենտի խոսնակին հարց ուղղեց սեպտեմբերի 11-ին Հայաստանում մեկնարկած հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների մասին՝ փորձելով ճշտել «արդյո՞ք դրանց նպատակը Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր հարձակումն ինչ-որ կերպ կանխելն է»։ Մեթյու Միլլերը նման ենթադրությունը կտրականապես հերքում էր։

«Ամենևին՝ ոչ։ Մեր գործընկերների հետ մարտական պատրաստության մակարդակի բարձրացման և մեր Զինված ուժերի օպերատիվ համատեղելիության շարունակական կատարելագործման նպատակով կազմակերպվող վարժանքներն ու գործողությունները պարբերական բնույթ ունեն։ Հայաստանը Միացյալ Նահանգների վաղեմի գործընկերն է։ Այդ երկիրը ԱՄՆ պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության ծրագրի շրջանակներում 2003 թվականից ի վեր ամուր կապեր է պահպանում Կանզասի Ազգային գվարդիայի հետ։ Այնպես, որ սրանք սովորական զորավարժություններ են, որոնք որևէ այլ իրադարձության հետ որևէ առնչություն չունեն», - հայտարարում էր Միլլերը։

«Մոսկվան անվտանգության միջոցառումների մասին խրատներ կարդալուց պետք է զերծ մնա»

Շարունակելով թեման ամերիկյան դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ չշրջանցեց նաև այս զորավարժությունների առթիվ Մոսկվայից հնչող հայտարարությունները՝ պնդելով, թե ռուսական կողմը նման դժգոհություններ արտահայտելու իրավունք չունի։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը վերջին տարիներին հարձակվել է իր հարևաններից երկուսի վրա, կարծում եմ, որ Մոսկվան անվտանգության միջոցառումների մասին տարածաշրջանի պետություններին խրատներ կարդալուց պետք է զերծ մնա», - նշում էր Պետքարտուղարության խոսնակը։

«Վաշինգտոնն առաջիկայում ևս շարունակելու է ակտիվորեն աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը»

Անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղ պայմանագրի կնքման հեռանկարներին՝ Միլերը նշում էր, որ Վաշինգտոնն առաջիկայում ևս շարունակելու է ակտիվորեն աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը։

Այս հայտարարության ֆոնին «Թուրան» գործակալությունը, Վաշինգտոնում գտնվող դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով, այսօր փոխանցել է, որ ամերիկյան կողմը ցանկանում է հայ-ադրբեջանական բանակցությունների նոր փուլ նախաձեռնել։

«ԱՄՆ աջակցությունը վայելող խաղաղ գործընթացը Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվում է։ Կողմերը պատրաստ են վերադառնալ Վաշինգտոն՝ երկխոսությունը շարունակելու նպատակով», - ադրբեջանական գործակալությանն են փոխանցել ամերիկացի երկու պաշտոնյաներ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG