Մատչելիության հղումներ

ԵՄ դիտորդական առաքելությունն օպերատիվ գրասենյակ է բացել Իջևանում


Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունն օպերատիվ գրասենյակ է բացել Տավուշի մարզի Իջևան քաղաքում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի (Նախկին Թվիթեր) էջը։

Գրասենյակի բացման ժապավենը կտրել են Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, դեսպան Վասիլիս Մարագոսը, պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։

ԵՄ դիտորդական առաքելությունը գրասենյակներ ունի Մարտունիում, Ջերմուկում Գորիսում, Կապանում, Եղեգնաձորում։

Հունվարի վերջին Եվրամիությունը հավանություն տվեց Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը, պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Եվրամիության 100 դիտորդները Հայաստան ժամանեցին փետրվարի վերջից։ Առաքելության մանդատը երկու տարի է, օպերատիվ շտաբը Հայաստանում է։ Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվում է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը և Ադրբեջանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց են տվել իրենց բացասական դիրքորոշումը տվյալ հարցում:

XS
SM
MD
LG