Մատչելիության հղումներ

«Նա՝ մեզ, մենք իրեն ենք հուսադրում». Վագիֆ Խաչատրյանը նամակ է ուղարկել ընտանիքին


Հուլիսի վերջին Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանը Բաքվից նամակ է ուղարկել ընտանիքին։ Դուստրը՝ Վերան, Վայոց ձորից այսօր հասել էր Երևան, որ ստանա:

«Նամակ գրել ենք, հեռախոսազանգ ենք մեկ անգամ ունեցել օգոստոսի 31-ին: Ճիշտ է՝ շատ կարճ տևեց, բայց դե ունեցել ենք: Շատ բան չի պատմում, շատ կարճ է գրում ինքը, էնքանով, որ ասում է՝ լավ մնացեք, ձեր մասին եմ մտածում, ուրիշ ոչ մի բան չի գրում ինքը», - ասաց Վերան:

«Նա՝ մեզ, մենք իրեն ենք հուսադրում, որ հեռու չէ օրը, երբ տուն կգա», - ասում է դուստրը, որ արդեն երկու ամիս է հորը չի տեսել։

«Վիճակը բավարար է, իրեն լավ է զգում, ասում են, դեղեր է ընդունում, 3-անգամյա սնունդ», - նշեց դուստրը:

68-ամյա Վագիֆ Խաչատրյանը շուտով պետք է կանգնի ադրբեջանական դատարանի առաջ, Բաքուն նրան մեղադրում է պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ «1991-ին Մեշալի գյուղի վրա զինված հարձակման համար, որի հետևանքով 25 ադրբեջանցի է սպանվել»։

Ադրբեջանցի իրավապահները նրան առևանգել էին Կարմիր խաչի մեքենայից, որը Խաչատրյանին Հայաստան էր տեղափոխում՝ սրտի վիրահատության։ Բաքվում, սակայն, դեռ չեն շտապում վիրահատություն անել։

«Գալիս էր, որ վիրահատվեր, Ստեփանակերտում ասել էին, որ պետք է անհապաղ վիրահատել, դրա համար էր գալիս: Այս պահին դեղեր է խմում, դեռ չգիտեմ հետո կվիրահատեն, թե... ես հուսով եմ, որ կվերադարձնեն», - նշեց Վերան:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հաղորդում է, որ օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին այցելել են Բաքվի բանտերում պահվող Հայաստանի քաղաքացիներին, ինչպես նաև կապ ապահովել ընտանիքի անդամների հետ։

Գագիկ Ոսկանյանի հարազատները մեկ ամսվա մեջ այսօր առաջին լուրն են ստացել նրանից

Աշխեն Ավետիսյանը մեկ ամսվա մեջ այսօր առաջին լուրն է ստացել որդուց՝ հայ-ադրբեջանական սահմանին ձերբակալված Գագիկ Ոսկանյանից։

«Ես էդ մարդկանց հետ հանդիպեցի, ովքեր անձամբ իր հետ տեսակցել են, խոսել են, գոնե չեն ճնշում էն առաջվա նման: Ես մի քիչ հանգստացա», - ասաց Աշխեն Ավետիսյանը:

39-ամյա տղամարդը մեկնել էր վարժական հավաքների ու առևագվել է մոտ մեկ ամիս առաջ Ջերմուկի դիրքերից։ Մայրն ասում է՝ մի քիչ սիրտը տեղն ընկավ, երբ առաջին ձեռքից տեղեկություն ստացավ, որ տղայի պայմանները լավ են, առանձին սենյակում է։

«Գագիկն առանձին սենյակում է, նկարները կար էլի, ընդեղ տեսախցիկներ կան, էդ տեսախցիկների նկարահանած նկարներն են, ոնց ա ինքը: Ինքը շատ կարդում էր, գրքեր ա ուզել հայկական, պատմական», - ասաց մայրը:

Բաքուն Գագիկ Ոսկանյանին մեղադրում է ծանր հոդվածներով՝ պետական սահմանը հատելու, դիվերսիոն փորձի համար, ինչը հայկական կողմը մինչ օրս հերքում է։ Թե երբ է ավարտվելու նախաքննությունը՝ հստակ չէ, այս պահին Կարմիր խաչի ներկայացուցիչները միայն հայտնել են մորը, որ որդու հրազենային վնասվածքը լավացել է։

Պատոնական տվյալներով, ադրբեջանական բանտերում այս պահին 38 հայ գերի կա, Բաքուն նրանց տարբեր հոդվածներ է առաջադրել՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև զինված խմբավորման անդամակցում, ինչի համար նրանք կարող են ազատազրկվել 6-20 տարով։ Ադրբեջանը հրաժարվում է նրանց արտահանձնել։

Դեռ ամիսներ առաջ՝ մայիսին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը խոսել էր պահվող անձանց ազատ արձակելու հնարավորության մասին, չորս ամիս անց, սակայն, որևէ առաջընթաց չկա։

XS
SM
MD
LG