Մատչելիության հղումներ

Հայաստանից և Ռուսաստանից ամենաբարձր մակարդակով վստահեցնում են՝ Երևանն ու Մոսկվան լուրջ խնդիրներ չունեն


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արխիվ

Վերջին օրերին հայ-ռուսական հարաբերություններում նկատելի լարվածության ֆոնին և՛ Հայաստանից, և՛ Ռուսաստանից ամենաբարձր մակարդակով վստահեցնում են՝ Երևանն ու Մոսկվան լուրջ խնդիրներ չունեն։

Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե վարչապետ Փաշինյանի հետ որևէ խնդիր չունի։ Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը խոսել է իր հետ, քանի որ Հայաստանի վարչապետը սահմանային լարվածության հետ կապված մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել այլ երկրների ղեկավարների հետ, Վլադիմիր Պուտինն ասաց, թե Փաշինյանն իրեն ընդարձակ նամակ է ուղարկել։

«Մենք նրա հետ շփումների մեջ ենք, որևէ խնդիր մենք Հայաստանի և վարչապետ Փաշինյանի հետ չունենք, մենք մշտապես կապի մեջ ենք», - նշեց Պուտինը:

«Առաջին զանգերը հենց Ռուսաստանի նախագահին են եղել», - երեկ Հանրայինին տված հարցազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը վստահեցրեց, թե մշտապես առաջին զանգերը ինքն անում է Վլադիմիր Պուտինին, իսկ անցած շաբաթ զանգահարել է այն երկների ղեկավարներին, որոնք տեղեկացված չեն «որոշ նրբությունների» մասին։

«Այս առումով, ցավոք, մեր վերջին խոսակցությունից ի վեր իրադրությունը չի փոխվել, որպեսզի նոր խոսակցության անհրաժեշտություն լիներ Ռուսաստանի նախագահի հետ, ըստ անհրաժեշտության, իհարկե, հեռախոսազրույցները կարող են տեղի ունենալ», - նշեց Փաշինյանը:

Երեկ վարչապետը հավաստիացնում էր, որ Երևանը որևէ քայլ Ռուսաստանի դեմ չի անում, որ Հռոմի ստաստուտի վավերացման գործընթացն ամենևին էլ կապված չէ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ, որ իր կնոջ այցը Կիևը և հումանիտար օգնության տրամադրումը քաղաքական ենթատեքստ չունի և որ հայ- ամերիկյան զորավարժություններ առաջին անգամ չեն Հայաստանում անցկացվում։

Վարչապետն ասում էր, թե հայկական կողմն ակտիվ աշխատում է, որ Ռուսաստանում ճիշտ ընկալումներ ձևավորվեն. - «Հռոմի ստատուտը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ ոչ մի կապ չունի: Ինչո՞ւ ենք վավերացնում, որովհետև ուզում ենք, որ մասնավորապես 2022 թվականի սեպտեմբերի դեպքերը, 2021 թվականի մայիսի դեպքերը Միջազգային քրեական դատարանում քննության առարկա դառնան: Սա ևս մեկ գործոն է, որը կարող է էական ազդեցություն բերել մեր անվտանգության աստիճանի մեծացմանն այն պայմաններում, երբ ՀԱՊԿ-ը չի կատարել և չի կատարում, ցավոք սրտի, Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները: Մենք չենք կարող սա չնկատել և ուղղակի ոչինչ չանել: Մեր պարտավորությունն է ձեռնարկել քայլեր, որոնցով կփորձենք անվտանգության լրացուցիչ, այդ թվում՝ միջազգային գործիքներ ձեռք բերել»:

Չնայած երկուստեք հնչող հավաստիացումներին, թե հայ-ռուսական հարաբերություններում լուրջ խնդիրներ չկան, Մոսկվան անցած շաբաթ Ռուսաստանի արտգործնախարարություն կանչեց Հայաստանի դեսպանին՝ իր խիստ դժգոհությունը հայտնելով հայ-ամերիկյան զորավարժությունների, Հռոմի ստատուտի վավերացման, Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի Կիև կատարած այցի վերաբերյալ, ինչպես նաև բողոքի նոտա ներկայացրեց դեսպան Վաղարշակ Հարությունյանին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Մարիա Զախարովայի հասցեին արված հայտարարությունների առիթով:

Ավելի վաղ էլ Նիկոլ Փաշինյանը իտալական «Լա Ռեպուբլիկա»-ին տված հարցազրույցում ռազմավարական սխալ էր համարել անվտանգային ոլորտում մի տեղից՝ Ռուսաստանից կախվածություն ունենալը։ Ինչպես նա էր ձևակերպել՝ Հայաստանն այժմ «աղոտ փորձեր» է անում դիվերսիֆիկացնելու անվտանգային քաղաքականությունը։

Ի՞նչ է իրականում տեղի ունենում 2 երկրների միջև, արդյո՞ք իրականում ռազմավարական դաշնակիցները սուր հակասություններ ունեն։

Ռազմավարական առումով խնդիրներ Հայաստանի և Ռուսաստանի միջև չկան. քաղաքական մեկնաբան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի համոզմամբ` և՛ Փաշինյանի, և՛ Պուտինի հայտարարությունները վկայում են, որ ռազմավարական առումով խնդիրներ Հայաստանի և Ռուսաստանի միջև չկան, կան տակտիկական հարցեր։ Ռուսաստանը, ըստ վերլուծաբանի, հաշվի առնելով իր սուղ հնարավորությունները, դեմ չէ, որ Կովկասում Արևմուտքը մի փոքր մեծացնի իր պատասխանատվության դաշտը, բայց միաժամանակ Մոսկվան փորձում է վերահսկողության տակ պահել այդ գործընթացը, ինչի վկայությունը այն սուր հռետորաբանությունն է, որ վերջին շրջանում հնչում է Ռուսաստանից։

Հայաստանն էլ, ըստ Հակոբ Բադալյանի, տեսնելով Ռուսաստանի կարողությունների պակասը, փորձում է մեծացնել Արևմուտքի պատասխանատվության դաշտը։ Արևմուտքն էլ իր հերթին խուսափելով պատասխանատվությունից, անընդհատ ավելին է պահանջում Երևանից՝ Հայաստանին ռուսական ազդեցությունից դուրս բերելու համար։

«Ահա այսպես եռանկյունի է ձևավորվում և այդ եռանկյունում մենք տեսնում ենք նաև հայ-ռուսական փոխհարաբերության տակտիկական փոխհրաձգությունը», - նշեց Բադալյանը:

Քաղաքական մեկնաբանը միաժամանակ ընդգծում է՝ Հայաստանի իշխանությունը ներքաղաքական խնդիրները լուծելու համար է նաև օգտագործում է հայ-ռուսական հարաբերությունների թեման՝ փորձելով իր իշխանությունը ասոցացնել Հայաստանի ինքնիշխանության հետ և դրա շնորհիվ իր շուրջ համախմբել հասարակությանը։

Բադալյանը պատահական չի համարում, որ հարաբերությունների սրման հերթական ալիքը համընկել է Երանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանի հետ։ Փաշինյանը երեկ իր հարցազրույցում կարևորելով Երևանի ավագանու ընտրությունները, ասել էր, թե Երևանը ընկալում են ինքնիշխանության և անկախության ամենկարևոր հենարան, հետևաբար առաջիկա ընտրությունները ինքնիշխանության պաշտպանության ենթատեքստ ունեն։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG