Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Ադրբեջանի ղեկավարությունն Արցախում էթնիկ զտումներ չի իրականացնի։ Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Ալիևի վարչակազմն իրենց հավաստիացրել է՝ կողմ են «փափուկ գործընթացների»։ Թե ադրբեջանական կողմը հատկապես որ գործընթացներն է նախատեսում փափուկ իրականացնել, Ռուսաստանի առաջնորդը չմանրամասնեց։
«Հուսով եմ, որ ադրբեջանական ղեկավարությունը, ինչպես միշտ է մեզ ասել և մինչև հիմա էլ ասում է, հետաքրքրված չէ ինչ-որ էթնիկ զտումներով։ Ավելին՝ ընդհակառակը, հետաքրքրված է, որպեսզի այդ գործընթացը փափուկ ընթանա», - հայտարարեց Պուտինը։
Կրեմլի ղեկավարն այս մասին խոսեց Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում՝ արձագանքելով Երևանից Մոսկվայի հասցեին ամենաբարձր մակարդակով հնչող մեղադրանքներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցով։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման երկարամյա միջնորդը հիշեցրեց՝ տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են խնդիրը լուծել տարածքային զիջումների ճանապարհով, պնդելով, թե կպայքարեն. - «Մենք տեսնում և հասկանում ենք, թե ինչ է կատարվում։ Այս մասին շատ կարելի է խոսել։ Մենք առաջարկել ենք կարգավորման մեր տարբերակները։ Հայաստանը վերահսկում էր յոթ շրջան, մենք առաջարկեցինք Ադրբեջանի հետ համաձայնության գալ այնպես, որ երկու շրջանները՝ Քելբաջարն ու Լաչինը, մնան փաստացի Հայաստանի վերահսկողության տակ, նաև՝ Ղարաբաղը, սակայն Հայաստանի ղեկավարությունը չհամաձայնեց դրան, թեև մենք մեկ տասնամյակ փորձել ենք համոզել Հայաստանի ղեկավարությանը։ Երբ հարցնում էինք՝ ի՞նչ եք անելու, մեզ պատասխանում էին՝ կռվելու ենք։ Լավ։ Ի վերջո, ամեն ինչ հասավ այն իրավիճակին, որն այժմ ստեղծվել է»։
Ռուսաստանի առաջնորդը իր ծավալուն խոսքում այդպես էլ չանդրադարձավ 44-օրյա պատերազմից հետո անձամբ իր միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին, որոնք, հայկական կողմի գնահատմամբ, Ադրբեջանը պարբերաբար խախտում է, ինչի հետևանքներից մեկը Լաչինի միջանցքի շրջափակումն է։ Նա որևէ բառ չասաց նաև ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ինը ամիս շարունակվող հումանիտար ծանր ճգնաժամի, սովի չվերացող վտանգի մասին։ Ընդ որում՝ ստեղծված իրավիճակի համար նա ոչ թե Ադրբեջանի ղեկավարությանը, այլ Հայաստանի ներկայիս իշխանությանը մեղադրեց՝ պնդելով, որ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով փակվել է Ղարաբաղի կարգավիճակի հարցը և Մոսկվայի անելիքներն այլևս սահմանափակ են։
«Եվ Պրահայի հայտարարությունը սա ֆիքսեց թղթի վրա։ Մենք գիտենք այս մասին։ Հիմա նախագահ Ալիևն ինձ ասում է՝ «Դուք գիտեք, որ Հայաստանը ճանաչել է, որ Ղարաբաղը մերն է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն այլևս դրված չէ սեղանին, այն լուծված է»։ Եվ դա հրապարակավ հայտարարեց Հայաստանի ղեկավարությունը։ Սա մեր որոշումը չէ, այլ՝ Հայաստանի ղեկավարության», - հայտարարեց Ռուսաստանի նախագահը։
Կրեմլի ղեկավարը իր խոսքում մի քանի անգամ հատուկ շեշտեց է՝ Ռուսաստանը չէ, այլ Հայաստանն է ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի մաս և եթե Հայաստանն ինքն է գնացել այդ քայլին, ապա Մոսկվան ի՞նչ պետք է անի։
Ռուսաստանի Դաշնությունը, որը մինչև 2025 թվականը պարտավորվել է ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը՝ տեղակայելով այնտեղ մոտ 2000 զինվորական, ընդունում է՝ դեռ խնդիրներ ունի լուծելու։ Խոսքը, ինչպես Պուտինն ընդգծեց, զուտ հումանիտար բնույթի խնդիրների մասին է։