Մատչելիության հղումներ

«Ղարաբաղ որևէ մեկը գնո՞ւմ է». Կասպշիկը ծանոթացել է Լաչինի միջանցքում ստեղծված վիճակին


ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն այսօր այցելել է Հակարիի կամրջի այն հատված, որտեղ շաբաթներ շարունակ կանգնած են Հայաստանից հումանիտար բեռներ տեղափոխող բեռնատարները։

Լրագրողների հետ զրույցում Կասպշիկն ասել է, որ ԵԱՀԿ գործող նախագահն իրեն հանձնարարել է այցելել Լաչինի միջանցք, ծանոթանալ տեղում իրավիճակին և զեկուցել այդ մասին։

Կասպշիկն այսօր առավոտյան Հակարիի կամրջի հայկական հատվածում հեռադիտակով ծանոթացել է միջանցքում ստեղծված իրավիճակին։ Սյունիքի մարզպետի հետ շրջել է տեղանքում, սակայն Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետին չի մոտեցել։

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Հայաստանի սահմանապահ ուժերից նաև հետաքրքրվել է, թե ովքե՞ր են գալիս Արցախից Հայաստան, արդյո՞ք միայն ռուսական անձնագրերով քաղաքացիները։ Հայաստանի Սահմանապահ ուժերի ներկայացուցիչն էլ պատասխանել է՝ նաև հայկական անձնագրերով քաղաքացիներ են գալիս, բայց թե ի՞նչ հիմքով, տեղյակ չէ։

Կասպշիկը նաև հարցրել է՝ իսկ դեպի Ղարաբաղ որևէ մեկը գնո՞ւմ է։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին պատասխանել են՝ միայն ռուս խաղաղապահներն են Ղարաբաղ գնում։

Այցի ավարտին, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է ԵԱՀԿ-ն գնահատում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը, հաշվի առնելով, որ այն արդեն 9 ամիս է փակ է, Անջեյ Կասպշիկը հորդորել է հարցերը ուղղել գրավոր տեսքով։

Ադրբեջանական անցակետում շտապօգնության մեքենայի վրայից պարտադրել են պոկել Արցախի առողջապահության նախարարության պաստառը

ԵԱՀԿ գործող նախագահի այցից հետո, այսօր Լաչինի միջանցքի անցակետով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել 10-ը բուժառուներ։

Ադրբեջանական լրատվամիջոցների այսօր տարածած կադրերում երևում է, թե ինչպես են Լաչինի միջանցքի ադրբեջանական անցակետում պարտադրում Արցախի շտապօգնության մեքենայի վրայից պոկել «Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության թեժ գիծ ծառայություն» գրությամբ պաստառը, որի վրա պատկերված է նաև Լեռնային Ղարաբաղի զինանշանը։ Ընդորում՝ պաստառը պոկելուց հետո ադրբեջանցի սահմանապահը պահանջում է այն իրեն փոխանցել։

Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցը տեսանյութը վերնագրել է հետևյալ կերպ՝ «Դաս հայերին մեր սահմանապահներից. ավելորդ զինանշանը հանվել է»։ Արցախից դեռ չեն արձագանքել այս միջադեպին։

Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվա ընթացքում նախատեսվում է Կարմիր խաչի մեքենաներով Արցախ վերադարձնել 8 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին։

«Վտանգ կա, որ այլևս չենք կարողանա վերադառնալ Արցախ»

Այսօր հիվանդներից բացի շուրջ մեկ տասնյակ ուղևորատար մեքենաներով Արցախից Հայաստան են տեղափոխվել մի խումբ քաղաքացիներ, հիմնականում Երևանի բուհեր ընդունված ուսանողներ։ Նրանք կրկին Լաչինի միջանցքում տեղակայված ադրբեջանական անցակետում զննման են ենթարկվել, ստուգվել են նաև նրանց իրերը, ադրբեջանցի լրագրողներն էլ կրկին տեսանկարահանել են ողջ այդ ընթացքը։

18-ամյա Իննա Բալասանյանը, որ Երևան էր գալիս Արցախի Հաթերք գյուղից, «Ազատության» հետ զրույցում ասաց, թե միջադեպ չի եղել, բայց զգացել է թշնամական վերաբերմունքը ադրբեջանցի սահմանապահների կողմից։

«Ընդհանուր առմամբ նենց չի՝ ինչ-որ միջադեպեր են տեղի ունեցել, բայց էդ հայացքները, նրանց թշնամական վերաբերմունքն ակնհայտ է մեր նկատմամբ: Իհարկե, վախեցանք, որովհետև նրանք մեր թշնամիներն են», - ասաց նա:

Իննան Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ է ընդունվել։ Կրթության նախարարությունից ասել են, թե որպես ուսանող հնարավոր է կազմակերպել իրենց տեղափոխումը։ Ադրբեջանական անցակետն անցնելուց հետո, արդեն Գորիսում, «Ազատության» թղթակցի հետ զրույցում, 18-ամյա աղջիկը խոստովանում է՝ գիտակցում է, որ ետդարձի ճանապարհ հնարավոր է այլևս չլինի, թեև շատ է ուզում սովորելուց հետո կրկին Արցախ վերադառնալ։

«Վտանգ կա, որ կարող է այլևս չկարողանանք վերադառնալ», -նշեց Իննան:

Վարչապետ Փաշինյանը երեկ էր կառավարության նիստում հայտարարել՝ հավաստի տեղեկություն ունեն, որ Բաքուն պլանավորում է միջանցքը միակողմանի բացել՝ թույլ տալով մարդկանց միայն դուրս գալ, միաժամանակ արգելելով մուտքը դեպի Լեռնային Ղարաբաղ։ Փաստացի վերջին օրերին Արցախից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մարդիկ միայն դուրս են գալիս, Հայաստանից դեպի Արցախ ուղղությամբ շարժ Լաչինի միջանցքով չկա, միայն Կարմիր խաչի ուղեկցությամբ Հայաստանում բուժված հիվանդներն են վերադառնում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG