Մատչելիության հղումներ

Լաչինի անխափան աշխատանքից հետո միայն կարող են քննարկել այլընտրանքային տարբերակներ. Ստեփանակերտից արձագանքում են «Կոմերսանտ»-ի հրապարակմանը


Լաչինի ճանապարհը անխափան աշխատելուց հետո միայն կարող են այլընտրանքային տարբերակները քննարկման առարկա դառնալ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Արցախի խորհրդարանի իշխող «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։

«Մենք հստակ ասում ենք՝ մենք ունենք ստորագրված փաստաթղթով միջանցք՝ Լաչինի միջանցք, որը պետք է աշխատի անխափան, անխափան աշխատելուց հետո այդ ալտերնատիվ տարբերակները արդեն քննարկման ենթակա հարցեր են», - ասաց պատգամավորը։

Ռուսական «Կոմերսանտը», վկայակոչելով պետական ապարատի պաշտոնյայի, գրել էր, որ Ռուսաստանը առաջարկել էր բացել Աղդամի և Լաչինի ճանապարհները, որին սկզբում համաձայնել են ադրբեջանական և ղարաբաղյան կողմերը։ Բայց, այդ նույն պաշտոնյայի խոսքով՝ արցախահայերը պայման են դրել, որ Լաչինը բացվի ոչ թե մեկ օր հետո, այլ միաժամանակ, իսկ հետո պահանջել են, որ Աղդամով ադրբեջանական ապրանքներ չմատակարարվեն։ Հետո տեղի է ունեցել Վագիֆ Խաչատրյանի հետ կապված սկանդալը, և փոխզիջումը չի կայացել։

«Ո՞վ է ասել, որ Արցախի ժողովուրդը պետք է ապրի միայն հումանիտար բեռների շնորհիվ, որտե՞ղ է դա գրված, աշխարհում կա՞ մի այլ ժողովուրդ, որը պետք է հումանիտար բեռով ապրի, իսկ հիմա այդ տարբերակները, որոնց մասին խոսվում է եվրոպական և ռուսաստանյան հարթակում, այնպիսի տպավորություն է, որ Արցախի ժողովուրդը պետք է միայն ապրի հումանիտար բեռով՝ դա կլինի Լաչինի միջանքով, թե Աղդամով, իրենց համար տարբերություն չկա», - շեշտեց Արթուր Հարությունյանը։

Արցախի համար առնվազն անհասկանալի ու անընդունելի է միջնորդների կամ գլխավոր դերակատարների կողմից այդ մոտեցումը, հավելեց նա։

Հարցին, թե ինչո՞ւ է Բաքուն ուզում Աղդամի ճանապարհն առաջ բերել և այդտեղ բեռներ բերել Արցախ, նա պատասխանեց. - «Ուզում է ցույց տալ աշխարհին, այդ նույն դերակատարներին, որ մենք երկխոսությունն ունենք, մենք արդեն իրար հետ այդ հարցերը կարգավորում ենք, տեսեք՝ արդեն Աղդամով էլ է բեռ գալիս։ Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է՝ մենք հասկանում ենք, թե իրենք ինչ են դրանով ուզում անել. ուզում են էթնիկ զտում անել, հաջորդ օրը բացեն Լաչինի միջանցքը, 3-4 օր հետո նորից փակեն Լաչինի միջանցքը և ասեն՝ այո, հիմա կա Աղդամի այլընտրանքը, կարող եք այդտեղից ապրանքներ բերել։ Այն դեպքում, երբ մենք հստակ ունենք փաստաթղթով Լաչինի միջանցք հասկացությունը, որը բոլորը թողել են մի կողմ, խոսում են ինչ-որ այլ ալտերնատիվ ճանապարհներից։ Ուղղակի ապշելու է, չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ»։

Պաշտոնական Երևանը դեռևս որևէ կերպ չի մեկնաբանել այդ հրապարակումը։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 14-ին Բաքվում Կարմիր խաչի ներկայացուցչության ղեկավարի հետ հանդիպմանն ասաց, թե Ղարաբաղի հայերի կարիքները բավարարելու համար Բաքուն չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով «օգնություն ցուցաբերելու» հնարավորությունը։ Մեկ օր անց՝ հուլիսի 15-ին, Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ գրեթե երեք ժամ տևած հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարևոր համարեց Աղդամով հումանիտար մատակարարումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը՝ միաժամանակ շեշտելով, որ Արցախը Հայաստանին կապող միակ՝ Լաչինի ճանապարհը պետք է բացվի։ Ստեփանակերտից հայտարարեցին՝ Ադրբեջանը նվաստացուցիչ «մարդասիրություն» է փորձում մատուցել արցախցիներին՝ նշելով՝ «մարդուն չի կարելի պարտադրել գոյության միջոցներ ստանալ մեկից, ով բացահայտորեն սպանում կամ սպառնում է սպանել այդ մարդուն»:

XS
SM
MD
LG