Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն այցելել է Կոռնիձոր


ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն այսօր այցելել է Կոռնիձոր, մասնավորապես այն հատված, որտեղ շաբաթներ շարունակ կանգնած ենՀայաստանից հումանիտար բեռներ տեղափոխող բեռնատարները։

Կասպշիկը լրագրողների հարցերին չի պատասխանել։ Նա տեղի պաշտոնյաներից հետաքրքրվել է՝ արդյոք միայն միակողմանի է թույլատրվում երթևեկությունը։

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ հավաստի տեղեկություններ ունեն, թե Բաքուն պլանավորում է միջանցքը միակողմանի բացել՝ թույլ տալով ելք, բայց ոչ մուտք դեպի Լեռնային Ղարաբաղ։

Ընդգծելով, որ վերջին օրերին Կարմիր խաչի և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի միջոցով բուժման կարիք ունեցող և այլ քաղաքացիների որոշակի շարժ է սկսվել Լաչինի միջանցքով և փաստելով, որ նախորդ տարվա դեկտեմբերից Լաչինի միջանցքի ապօրինի փակ լինելու հետևանքով Հայաստանում է գտնվում ԼՂ շուրջ 5 հազար բնակիչ, իսկ ևս շուրջ 30 հազարը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի չկատարման հետևանքով՝ գործադիրի ղեկավարը հայտարարեց՝ այս դրույթի չկատարումը և մյուս փաստերը շարունակաբար վկայում են, որ Ադրբեջանի հիմնական նպատակը էթնիկ զտման ճանապարհով հայությանը Լեռնային Ղարաբաղից հեռացնելն է՝ լինի դա սովամահության, սովահարության, ռազմական օպերացիայի, թե այլ միջոցներով։

Բաքուն շարունակաբար պնդում է, թե միջանցքը երկկողմանի բաց է։

Կասպշիկն օրերս է ժամանել Հայաստան՝ ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լաչինի միջանցք այցելելու և առկա իրավիճակի մասին զեկուցելու հանձնարարականի շրջանակներում: Նա նաև հանդիպումներ է ունենում Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ, քննարկում անվտանգային հարցեր։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG