Առայժմ հստակ չէ`արդյոք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ գիշեր շուրջ երկու ժամ շարունակված քննարկումներից հետո բանաձև կամ հայտարարություն կընդունի Ղարաբաղի հարցով: Մինչ այդ, Հայաստանի արտգործնախարարն իր ելույթում հստակ ընդգծեց` ինչ ակնկալիքներով է հայկական կողմը նման հրատապ նիստ հրավիրել:
«Մենք այս Խորհրդից ակնկալում ենք դատապարտել քաղաքացիական անձանց նկատմամբ, որպես պատերազմի մեթոդ, սովի կիրառումը, կոչ անել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների, Լեռնային Ղարաբաղ գործուղել կարիքների գնահատման անկախ միջգերատեսչական առաքելություն և տուժած բնակչությանը տրամադրել մարդասիրական օգնություն», - մասնավորապես ասաց Արարատ Միրզոյանը:
Անվտանգության խորհրդի անդամ 15 երկրների ներկայացուցիչների գերակշռող մեծամասնությունը համակարծիք էր` մարդասիրական խնդիրները չեն կարող օգտագործվել որպես մահակ120 հազար մարդու իրավունքները ճնշելու համար: Դիվանագետների մեծ մասը հստակ ընդգծում էր` Լաչինի միջանցքը պետք է բացվի, մյուսները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, հնարավոր համարեցին նաև այլ երթուղիների գործարկումը` Լաչինի միջանցքի բացմանը զուգահեռ:
«Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ Առևտրային, մարդասիրական և անձնական տրանսպորտային միջոցները պետք է կարողանան հասնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Մենք նաև ի գիտություն ենք ընդունում այն, որ հնարավոր է փոխզիջումների գնալ այլ լրացուցիչ ուղիների հարցում մարդասիրական մատակարարումների համար», - հայտարարեց նիստը նախագահող Միացյալ Նահանգների դեսպանը:
Ռուսաստանի ներկայացուցիչը պնդեց` Մոսկվան կողմերին դեռ շաբաթներ առաջ է նման առաջարկ ներկայացրել. - «Հուլիսի 25-ին Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հետ հանդիպմանը ռուսական կողմն առաջարկել է իրատեսական, փոխզիջումային լուծումներ` լարվածությունը թոթափելու համար: Խոսքը Աղդամով և Լաչինով միջանցքները միաժամանակ բացելու մասին է` քաղաքացիական անձանց և ոչ-ռազմական բեռների տեղափոխման համար: Դա կստեղծի անհրաժեշտ նախադրյալներ Բաքվի և Ղարաբաղի հայ բնակչության միջև շուտափույթ կերպով ուղիղ երկխոսություն սկսելու համար»:
Լեռնային Ղարաբաղում վատթարացող մարդասիրական իրավիճակը վնաս է հասցնում խաղաղության գործընթացին, իր հերթին պնդեց Եվրամիության դեսպանը՝ փաստելով, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը անցած ամիսներին հրադադարի խախտման մի շարք դեպքեր է արձանագրել հայ ֊ ադրբեջանական սահմանին:
Պաշտոնական Բաքվի ներկայացուցիչը, մինչդեռ, կտրականապես հերքում էր մեղադրանքները. - «Սովի ու ցեղասպանության մասին պնդումները կեղծ են ու մտացածին», - հայտարարեց Յաշար Ալիևը:
«Եթե Հայաստանն իսկապես հոգ տաներ Ղարաբաղի շարքային բնակիչների մասին, երբեք դեմ չէր լինի Աղդամ-Խանքենդի ճանապարհին, որը հատվում է Ադրբեջանի հիմնական տրանսպորտային մայրուղիներից մեկին` հայտնի «Մետաքսի ճանապարհին», որը հուսալի հաղորդակցություն է ապահավում միջազգային շուկաների հետ: Ի տարբերություն Լաչին-Խանքենդի 59 կմ ճանապարհի, որն անցնում է լեռնային գալարապտույտ ճանապարհներով, Աղդամի ու Խանքենդիի միջև հեռավորությունն ընդամենը 18 կմ է», - ասաց ադրբեջանցի դիվանագետը:
Թուրքիայի դեսպանը, կրկնելով ադրբեջանցի գործընկերոջը, Լաչինի մասին խոսելիս «միջանցք» տերմինը որևէ անգամ չօգտագործեց, պնդեց, թե դա Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, և Բաքուն իրավասու է քայլեր ձեռնարկել սեփական անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Խուսափելով խոսել մարդասիրական խնդիրների մասին` թուրք դիվանագետը միաժամանակ հարկ համարեց ՄԱԿ-ի ամբիոնից ընդգծել` Անկարան հաշտեցման գործընթաց է սկսել Հայաստանի հետ և հույս ունի, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու պատմական շանսը չի կորսվի:
Կողմերի փաստարկները, ինչպես նաև Անվտանգության խորհրդի անդամների դիրքորոշումները լսելուց հետո շրջանառության մեջ կարող է դրվել բանաձևի, կամ` հայտարարության տեքստ: Այս հարցով հստակություն, սակայն, դեռևս չկա: