Մատչելիության հղումներ

Մեթյու Միլլեր. «Խաղաղության հասնելու համար պետք են դժվարին փոխզիջումներ»


Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնություն փոխադրող բեռնատարները, արխիվ:
Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնություն փոխադրող բեռնատարները, արխիվ:

Բաքուն և Անկարան միասին են գործում, Մոսկվան լռում է, Լաչինի խնդիրն Արևմուտքն է արծարծում

Արցախահայերին խեղդամահ անելով հայրենի հողից վտարելու Բաքվի քաղաքականությունն անփոփոխ է մնում:

Մոտ 400 տոննա մարդասիրական օգնություն հասցրած բեռնատարները Կոռնիձորում են: Ռուս խաղաղապահներից ոչ մի արձագանք չկա, համենայն դեպս, նրանք և Մոսկվայում նրանց վերադասը թեման հրապարակավ չեն քննարկում:

Իսկ Լաչինի միջանցքի վերաբերյալ աշխարհին հասցեագրված Բաքվի թեզը հետևյալն է. «Լեռնային Ղարաբաղի բլոկադա, հայերն են արգելափակել Աղդամի ճանապարհը և Ադրբեջանի մասին ստեր են տարածում»:

Այս ոճով են հարցը մեկնաբանում գործադիր և օրենսդիր իշխանության ղեկավարներն, ինչպես նաև Ադրբեջանին բոլոր առումներով սատարող Թուրքիայի իշխանությունները:

Այսպիսով, Բաքու-Անկարա տանդեմը կոշտ դիրքորոշումը չի մեղմում, Մոսկվան ձայն չի հանում, կամ գուցե լռելյայն հավանություն է տալիս այդ ամենին: Եվ այս պայմաններում Արևմուտքն է բարձրաձայնում Լաչինի միջանցքի ու արցախահայերի օրհասական կացության հարցը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսը Եվրախորհրդի Նախարարների կոմիտեին հորդորում է հնարավորինս արագ փաստահավաք առաքելություն գործուղել Լեռնային Ղարաբաղ:

Այն պետք է գնահատի անցած տարվա դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակման ազդեցությունը հայության կյանքի վրա:

«Հնարավորինս շուտ ուղարկել փաստահավաք առաքելություն»

«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում մարդասիրական կացության սրումը՝ հիշեցնում եմ Նախարարների կոմիտեին ուղղված հունիսի 20-ի կոչը՝ հնարավորինս շուտ փաստահավաք առաքելություն ուղարկել»,- ասվում է Քոքսի ուղերձում:

Նա Հայաստանին և Ադրբեջանին նաև կոչ է անում՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկրներ, պահպանել լարվածությունը թուլացնելու և խաղաղությունը վերականգնելու նպատակով ստանձնած պարտավորություններ։

Հունիսի 20-ին ԵԽԽՎ-ն Լաչինի միջանցքի հարցով ընդունել է բանաձև, որում նշվում է, որ մարդկանց և բեռների անարգել և անվտանգ տեղաշարժը խափանվել է:

«Ես միանում եմ 2023 թվականի հուլիսի 28-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի [Մարիա Պեյչինովիչ Բուրիչ] հնչեցրած երկխոսության կոչին և հորդորում եմ և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին, որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություններ, պահպանել լարվածությունը թուլացնելու և խաղաղությունը վերականգնելու համար [2001 թվականին] փոխադարձ ստանձնած պարտավորությունները»,- ասվում է Քոքսի ուղերձում:

Եվրոպացի օրենսդիրները Բաքվին կոչ են արել արտոնել Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելության այցը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ:

Բաքուն անմիջապես արձագանքել է Քոքսին: Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» դատապարտել է ուղերձը և ԵԽԽՎ-ին կոչ է արել «չդառնալ գործիք Հայաստանի նենգ խաղերում»:

«Ղարաբաղը կանգնել է սովի վտանգի առաջ»

Միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ճգնաժամին է անդրադարձել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը:

«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է ավելի քան 7 ամիս։ Հունիսի 15-ից էլ ընդհանրապես Լեռնային Ղարաբաղը կտրված է Հայաստանից: Հումանիտար բեռներ Արցախ չեն մտնում։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն այժմ կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առաջ: Մարդասիրական բեռներ տեղափոխող մեքենաները գրեթե մեկ շաբաթ է Կոռնիձորում են: Արցախ Հայաստանից հումանիտար օգնություն ուղարկելը Բաքուն համարում է Երևանի կողմից տարածքային ամբողջականության նկատմամբ սադրանք»,- գրել է Փաուերը միկրոբլոգում:

Բայց ի՞նչ իրատեսական քայլեր կարող է այս պայմաններում անել Արևմուտքը ու, մասնավորապես, Միացյալ Նահանգները:

Սենատորներն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ են պահանջում

Միջանցքը բացելու կոչով հանդես է եկել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը:

«Ավելի քան 7 ամիս է անցել Լեռնային Ղարաբաղի շրջափակումից, այժմ ժամանակն է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ճնշում գործադրեն Ալիևի վրա։ Կյանքեր են մազից կախված»,- գրել է Մենենդեսը։

Նախկին սենատոր ու կրոնական ազատության հարցերով նախկին դեսպան Սեմ Բրաունբեքը մտավախություն է հայտնել, որ իրավիճակը կարող է է՛լ ավելի վատթարանալ։

«Լեռնային Ղարաբաղի քրիստոնյաների համար ծանր կացություն է: Լաչինի միջանցքը փակ է՝ չնայած այն բաց պահելու պայմանավորվածությանը։ Ադրբեջանը պետք է պատժամիջոցների ենթարկվի մարդասիրական իրավունքի խախտումների համար, քանի դեռ վիճակն է՛լ ավելի չի վատթարացել»,- գրել է Բրաունբեքը:

ԱՄՆ-ը հավատում է, որ խաղաղությունը հասանելի է

Գործադիրի թիմից ԱՄՆ-ում բանակցային խնդրով է զբաղվում պետական դեպարտամենտը:

Նախօրեին ԱՄՆ արտաքին գերատեսչության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկել խաղաղության պայմանագրի հարցը՝

«Մենք հավատում ենք, որ խաղաղությունը հասանելի է: Դա հնարավոր դարձնելու համար երկու կողմերն էլ պետք է գնան դժվարին փոխզիջումների»,- ասել է պետական դեպարտամենտի խոսնակ Միլլերը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG