Մատչելիության հղումներ

Արցախում իրավիճակը անելանելի է. հիվանդների դեղերը գրեթե վերջացել են, ՀՀ տեղափոխվելն էլ խնդիր է


64-ամյա Վերա Հովսեփյանը տեսողություն չունի, չի քայլում, սայլակով է տեղաշարժվում և շաբաթը մի քանի անգամ դիալիզ է ստանում։ Արցախի բժիշկներն ասել են՝ դեղերն ավարտվում են, դիալիզի համար պիտի Երևան գնաք։

«Կամ դրա վերջը մահ ա», - պատմում է Ստեփանակերտի բնակիչ Վերա Հովսեփյանը։

11-օրյա դադարից հետո երեկ Կարմիր խաչը վերսկսեց հիվանդների տեղափոխումն Արցախից, երեկ 11, այսօր 10 հիվանդների են տեղափոխել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ բոլորը հեմոդիալիզ են ստանում, հիմա կանգնել են մահվան վտանգի առջև, որովհետև Արցախում դեղ ու բուժպարագաներ չկան։

«Ինձ իրիկունն են զանգել, ասել մեր նախարարությունից, ու ես ասացի, որ դուք գիտեք էլի, որ ես անկողնային հիվանդ եմ, իմ դրությունը շատ վատ է, եթե հնարավորություն կա, միջամտեք, որ ես չգնամ, դիալիզս ընդունեմ այստեղ։ Չեմ կարա գնամ էլի, չի ստացվի», - նշեց նա։

Տիկին Վերան ասում է՝ փրկվել ուզում եմ, բայց հարցն այն է, որ ընդհանուր մեքենայով ու ադրբեջանական անցակետի պայմաններով տեղաշարժվել չեմ կարող՝ հիվանդության առաջացրած անհարմարության պատճառով։ Մերժել է ու չի քնել. - «Սաղ գիշեր էնքան վատ եմ եղել, ձեռքերս սուրդորոգ է բռնել, ճնշումս՝ 170, էս խեղճ մարդը չգիտեր, թե ինչ աներ, մնացել է շվարած, սթրեսից էլի, թե ես ո՞նց գնամ»։

Լաչինի միջանցքը հիվանդ կնոջ համար կյանքի միջանցք է. եթե այն բացվի, դեղերը կհասնեն Արցախ, ինքը սովորականի պես կստանա իր շաբաթվա դիալիզը, հիմա չգիտի՝ ինչ է լինելու։ 24 տարի շաքարային դիաբետով, խիստ դիետայով էր ապրում, հիմա ինչ ուտի, մրգերից միայն խնձոր է կարելի, չկա, ձմերուկ կա, չի կարելի։ Շուտվանից մի քանի տուփ վարսակի փաթիլներ ուներ, ամեն օր խնայելով դա է ուտում. - «Կես կոֆեի բաժակ էլ եմ խմում, էնքան որ ստամոքսս մի բան մտնի»։

Երեկ Կարմիր խաչի մեքենայով Երևան է տեղափոխվել Լենորա Հովսեփյանը, այսօր արդեն դիալիզ էր ստանում երևանյան հիվանդանոցներից մեկում։

Արցախում իրավիճակը անելանելի է՝ երիկամային անբավարարությամբ ապրող հիվանդներն առանց դիալիզի՝ արյան մաքրման ապրել չեն կարող։ Տիկին Լենորան պատմում է՝ վերջին շրջանում դիալիզի կուրսը կրճատել էին դեղը խնայելու համար, մի կերպ էր ոտքի վրա մնում, էլ չասած, որ ամեն անգամ պիտի վառելիք գտներ իր տնից Մարտունու Խնուշինակից Ստեփանակերտ հասնելու համար. - «Մենք օրումեջ էինք գնում դիալեզի, դեղորայք չկար։ Չէի կարողանում դիմանալ, գիշերները չէի քնում բացարձակ, մի կերպ էի քայլում»։

Հուլիսի վերջին ադրբեջանցի սահմանապահները Կարմիր խաչի մեքենայից առևանգեցին ու Բաքու տարան Երևան սրտի վիրահատության եկող Վագիֆ Խաչատրյանին, այդ դեպքից հետո կազմակերպությունը միայն երեկվանից վերսկսեց տեղաշարժը Հակարիի անցակետով։ Տիկին Լենորան ասում է՝ անցակետում տղամարդկանց չտեսավ, զգուշանում են։ Հակարիի կամրջի վրա անձնագրային ստուգումից բացի, ադրբեջանցի բժիշկն է հարցեր տվել։

«Ով ի վիճակի չէր, չէր կարողանում, բժիշկը մոտեցավ։ Ով որ չէ, գնում էր իրենց հետ կաբինետի մոտ», - պատմեց նա։

Ըստ պաշտոնական Ստեփանակերտի՝ լիակատար շրջափակման մեջ ապրող Արցախում հիվանդությունները, մահվան դեպքերը ավելանում են՝ սրտամկանի ինֆարկտ, ուղեղի կաթված, հղիների վիժումը 4 անգամ ավելացել է, բոլոր հերթերում ուշաթափվողներ կան, շտապօգնության կանչերի քանակը ավելացել է 91 տոկոսով։

Սթրես ու թերսնում, բացատրում են մասնագետները։ Հատուկ սննդակարգով ապրողները, ծանր հիվանդները բոլորի պես ոչ մի խանութում մթերք չեն կարող ընտրել։

Երեկ տիկին Լենորան ընթրել է Երևանում՝ որդու տանը, մի ոչ դիետիկ մթերք կա, շատ եմ սիրում, 67-ամյա կինը ծիծաղում է երեխայի պես, «երշիկ շատ եմ սիրում», ասում է։

XS
SM
MD
LG