Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թինի Քոքսը Եվրախորհրդի նախարարների կոմիտեին կոչ է արել հնարավորինս շուտ փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ գնահատելու իրավիճակը, որում հայտնվել են հայերը՝ անցած տարվա դեկտեմբերին՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով։
«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետագա սրումը՝ հիշեցնում եմ Վեհաժողովի՝ Նախարարների կոմիտեին ուղղված հունիսի 20-ի կոչը՝ որքան հնարավոր է շուտ փաստահավաք առաքելություն ուղարկել», - հայտարարել է Քոքսը՝ կոչով դիմելով նաև Երևանին ու Բաքվին, - «կոչ եմ անում և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին, որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություններ, վերջապես պահպանել 1991 թվականին ստանձնած փոխադարձ պարտավորությունները՝ լարվածությունը թուլացնելու և իրենց երկրների միջև խաղաղությունը վերականգնելու համար»։
Հունիսին Վեհաժողովը Լաչինի միջանցքում ստեղծված կացությանը վերաբերող բանաձև էր հաստատել՝ արձանագրելով, որ մարդկանց և բեռների ազատ ու անվտանգ տեղաշարժը խոչընդոտված է։ Եվրոպացի խորհրդարանականները նաև կոչ են արել Ադրբեջանին Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ հրավիրել Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը՝ փաստահավաք առաքելությամբ։