Բաքվում հուլիսի 29-ին ձերբակալված Վագիֆ Խաչատրյանն ընտանիքի անդամների հետ կապի դուրս չի եկել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցւմ ասաց նրա դուստրը՝ Վերա Խաչատրյանը, ով բողոքի ակցիա է իրականացնում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։
«Դա սուտ տեղեկատվություն է, մենք ոչ մի լուր չունենք, բացի նրանից, որ Բաքվում է։ Ինչպե՞ս է նրա առողջական վիճակը, թե հիմա ի՞նչ վիճակում է՝ կա՞, չկա՞, ոչ մի լուր չունենք»,- ասաց Վերան։
Ադրբեջանական APA գործակալությունը, վկայակոչելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակցին, հաղորդել էր, որ հենց հուլիսի 29-ին, «ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Վագիֆ Խաչատրյանին և որ Խաչատրյանին «հնարավորություն է տրվել շփվել ընտանիքի հետ»։
Դուստրն այսօր պատմեց՝ հոր սիրտը պետք է անհապաղ վիրահատվեր, հիվանդանոցից են դիմել Կարմիր խաչին, որ առաջնահերթ տեղափոխեն Հայաստան, քանի որ յուրաքանչյուր վայրկյանը ճակատագրական էր հոր համար։
«Իսկ ինչ իմանայինք, որ հենց գալը կլիներ ճակատագրական։ Ավելի լավ էր չգար։ Ինչպե՞ս է կատարվել, որ ադրբեջանցիները կարող են միջազգային կազմակերպության երաշխավորությամբ տեղափոխվող մարդուն առևանգել, պետք է էդ հարցի պատասխանը ստանամ», - ասաց Վերա Խաչատրյանը։
68-ամյա տղամարդու առևանգման մասին շաբաթ օրը Արցախի պետնախարարն ու Մարդու իրավունքների պաշտպանն էին ահազանգել։ Այդ հայտարարություններից ժամեր անց Բաքուն հաղորդեց, որ ադրբեջանցի իրավապահները ձերբակալել են ու Բաքու են տեղափոխել Հայաստան բուժման եկող տղամարդուն։ Բաքուն Խաչատուրյանին մի շարք ծանր հանցանքներ է վերագրում, այդ թվում՝ «գյուղի վրա զինված հարձակում իրականացնելու, որի հետևանքով 25 ադրբեջանցի է սպանվել»։ Վագիխֆ Խատարյանի մյուս դուստրը՝ Ծովինար Խաչատրյանը, Արցախի նախագահի խորհրդականը հերքել են Ադրբեջանի մեղադրանքները։