Մատչելիության հղումներ

Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում. ՀՀ ՄԻՊ


Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող և ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում, հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Ըստ նրա՝ 68-ամյա քաղաքացու իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային-իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ։

«Այդ մասին Ադրբեջանի դատախազության տարածած հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը», - նշել է ՄԻՊ-ը։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ Վագիֆ Խաչատրյանը միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձ է, ով ԿԽՄԿ հովանու ներքո Հայաստան էր տեղափոխվում բուժում ստանալու նպատակով, ուստի վերջինիս առևանգումն Ադրբեջանի սահմանապահ ծառայողների կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։

Անահիտ Մանասյանի պնդմամբ՝ ԿԽՄԿ-ի կողմից հրատապ բժշկական օգնություն ստանալու նպատակով անձանց տեղափոխումը ՀՀ համաձայնեցվել է ադրբեջական իշխանությունների հետ, որից հետո է միայն ԿԽՄԿ-ն կատարել միջազգային մարդասիրական առաքելությունը։ «Ադրբեջանական կողմը համաձայնություն է տվել մարդասիրական նպատակով անձի տեղափոխմանը՝ այնուհետև ոչ իրավաչափ միջամտություն իրականացնելով մարդու հիմնարար իրավունքներին», - նշել է Պաշտպանը՝ հավելելով, որ սա ադրբեջանական իշխանությունների կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտում է։

Արցախի քաղաքացուն առևանգելու փաստի առթիվ Արցախի դատախազությունը քրեական գործ է հարուցել։ Առևանգման մասին Արցախի պետնախարարն ու Մարդու իրավունքների պաշտպանն էին այսօր ահազանգել։ Այդ հայտարարություններից ժամեր անց Բաքուն հաղորդեց, որ ադրբեջանցի իրավապահները ձերբակալել են ու Բաքու են տեղափոխել Հայաստան բուժման եկող տղամարդուն։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, ու նրան կալանավորելու որոշում կայացվել, նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։

Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանն էլ հայտնել է, որ Ադրբեջանի մեղադրանքներն ուղղված Վագիֆ Խաչատրյանին կեղծ են՝ Մեշալի գյուղում նման հանցագործություն չի եղել։

XS
SM
MD
LG