Մատչելիության հղումներ

Ադրբեջանի մեղադրանքներն ուղղված Վագիֆ Խաչատրյանին կեղծ են. Արտակ Բեգլարյան


Ադրբեջանի մեղադրանքներն ուղղված Վագիֆ Խաչատրյանին կեղծ են, քանի որ Մեշալի գյուղում նման հանցագործություն չի եղել, հայտարարել է Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

Նրա հաղորդմամբ՝ ադրբեջանական ուժայինների կողմից այսօր Հայաստան բուժման նպատակով մեկնող, առևանգված ու Բաքու տեղափոխված քաղաքացին ծնվել է 1955 թվականին՝ Արցախում, ապրում է Պատարա գյուղում։

«Բոլոր տղամարդկանց նման նա նույնպես պաշտպանել է իր հայրենիքը 1991-94 թվականների պատերազմում, սակայն Ադրբեջանի մեղադրանքը կեղծ է, քանի որ Մեշալի գյուղում նման հանցագործություն չի եղել», - գրել է նա Թվիթերում։

Արտակ Բեգլարյանը հավելել է, որ Վագիֆ Խաչատրյանին առևանգել են նրա դստեր ու Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների ներկայությամբ։

68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգման մասին այսօր Արցախի մարդու իրավունքների պաշտպանն էր ահազանգել։

Արցախցու առևանգման մասին Ստեփանակերտի հայտարարությունից ժամեր անց Բաքուն հաղորդեց, որ ադրբեջանցի իրավապահները ձերբակալել են նրան ու Բաքու են տեղափոխել։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «Վագիֆ Խաչատուրյանին մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, ու նրան կալանավորելու որոշում կայացվել, նրա նկատմամբ «միջազգային հետախուզում է հայտարարվել»։ Ադրբեջանի իրավապահները նրան մի շարք ծանր հանցանքներ են վերագրում, այդ թվում՝ «գյուղի վրա զինված հարձակման»։

Միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձի առևանգումը այդ իրավունքի կոպտագույն խախտում է, հայտարարել է Երևանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG