Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելությունը խիստ մարդասիրական է և գործում է կողմերի համաձայնությամբ, Թվիթերում գրել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոն։
«Կարևոր է, որ այն կարողանա գործել անվտանգ և կանխատեսելի», - նշել է նա։
Երեկ արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը առևանգվել է Լաչինից, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով, հայտնել էին Արցախի պետնախարարն ու Մարդու իրավունքների պաշտպանը։
Այդ հայտարարություններից ժամեր անց Ադրբեջանը հաղորդեց, որ իր իրավապահները ձերբակալել ու Բաքու են տեղափոխել Հայաստան բուժման եկող տղամարդուն։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, նրան կալանավորելու որոշում կայացվել, և որ նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։
Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում, հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Ըստ նրա՝ քաղաքացու իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային-իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ։
Արցախցու դուստր Ծովինար Խաչատրյանը, Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը հերքել են Ադրբեջանի մեղադրանքները։