Պաշտոնական Ստեփանակերտը միջազգային դերակատարներից, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից (ԿԽՄԿ), պահանջում է ձեռնարկել հրատապ և ամենագործուն միջոցները՝ անհապաղ ազատելու և վերադարձնելու Արցախի առևանգված քաղաքացուն։
«Միջազգային իրավունքի և ԿԽՄԿ մանդատի պաշտպանության ներքո գտնվող Արցախի քաղաքացուն ապօրինաբար արգելանքի տակ վերցնելը Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների, 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ՄԱԿ-ի միջազգային դատարանի և ՄԻԵԴ-ի իրավաբանորեն պարտադիր որոշումների աղաղակող խախտում է և բացահայտ կերպով ցույց է տալիս Արցախի ժողովրդի հանդեպ ադրբեջանական կողմի մտադրությունները», - ասված է Արցախի արտգործնախարարության հայտարարության մեջ:
Արցախցի 68-ամյա տղամարդու առևանգման մասին, ով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան էր տեղափոխվում բուժման նպատակով, Արցախի պետնախարարն ու Մարդու իրավունքների պաշտպանն ահազանգեցին հուլիսի 29-ին։ Այդ հայտարարություններից ժամեր անց Ադրբեջանը հաղորդեց, որ իր իրավապահները ձերբակալել ու Բաքու են տեղափոխել Հայաստան բուժման եկող տղամարդուն։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, նրան կալանավորելու որոշում կայացվել, և որ նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։
Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում, հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Ըստ նրա՝ քաղաքացու իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային-իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ։
Արցախցու դուստր Ծովինար Խաչատրյանը, Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը հերքել են Ադրբեջանի մեղադրանքները։
Ըստ Արցախի ԱԳ նախարարության՝ սա վկայում է այն մասին, որ Արցախի քաղաքացիների նկատմամբ վերահսկողություն ստանալով՝ ադրբեջանական կողմը բաց չի թողնի նրանց ապօրինի ձերբակալությունների ու կտտանքների ենթարկելու, կյանքից զրկելու կամ մարդու իրավունքները ցանկացած այլ ձևերով խախտելու հնարավորությունը:
«Գրեթե անհավանական է, որ արցախցիները կկարողանան գոյատևել կամ ստանալ արժանապատիվ վերաբերմունք Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելու դեպքում», - նշում է Արտգործնախարարությունը:
Նա պահանջում է, որ «Արցախի ժողովրդին որպես այդպիսին ոչնչացնելու Ադրբեջանի պետական քաղաքականության շրջանակներում իրականացվող և գրեթե 8 ամիս շարունակվող ապօրինի շրջափակման հարցն անհապաղ քննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում»։
«Դիմում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ որպես տեղում ներկա և համապատասխան միջազգային մանդատով օժտված միակ միջազգային կազմակերպությանը՝ խստորեն հորդորելով արտահայտել իր հրապարակային դիրքորոշումը և միջազգային հանրությանն ու, առաջին հերթին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրներին ներկայացնել փաստական և իրավական մանրամասն տեղեկատվություն Արցախում տիրող իրավիճակի և Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ», - շեշտում են Արցախից: