Մատչելիության հղումներ

ԿԽՄԿ ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են Վագիֆ Խաչատրյանին


Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները երեկ՝ հուլիսի 29-ին, «այցելել են նույն օրը ձերբակալված» Վագիֆ Խաչատրյանին, ադրբեջանական APA-ի հաղորդմամբ՝ ասել է կոմիտեի ներկայացուցիչը։

Ըստ ԿԽՄԿ ներկայացուցչի՝ Վագիֆ Խաչատրյանին «հնարավորություն է տրվել շփվել ընտանիքի հետ»։

Այս հաղորդագրությունից հետո նաև Կոմիտեն հաստատեց այս լուրը, հավելելով, որ նրան այցելողներից մեկը բժիշկ է։

Արցախի 68-ամյա տղամարդը առևանգվել է Լաչինից, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով, հայտնել էին Արցախի պետնախարարն ու Մարդու իրավունքների պաշտպանը։

Այդ հայտարարություններից ժամեր անց Ադրբեջանը հաղորդեց, որ իր իրավապահները ձերբակալել ու Բաքու են տեղափոխել Հայաստան բուժման եկող տղամարդուն։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, նույն թվականին նրա նկատմամբ «միջազգային հետախուզում է հայտարարվել»։

Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում, հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Ըստ նրա՝ քաղաքացու իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային-իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ։

Արցախցու դուստր Ծովինար Խաչատրյանը, Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը հերքել են Ադրբեջանի մեղադրանքները։

XS
SM
MD
LG