Երևանն իր անհանգստությունն է հայտնել բուժման նպատակով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվող քաղաքացու՝ ադրբեջանական ուժայինների կողմից առևանգման կապակցությամբ։
«Անհանգստացած ենք լուրերից, որ 68-ամյա բուժառուն, ով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից բուժօգնության էր տեղափոխվում Հայաստան, առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ապօրինի տեղադրված անցակետում», - հայտարարել է Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը՝ ընդգծելով, որ միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձի առևանգումը այդ իրավունքի կոպտագույն խախտում է։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Լեռնային Ղարաբաղի 68-ամյա քաղաքացուն ադրբեջանցիների կողմից արգելանքի վերցնելու դեպքի առնչությամբ կապ է հաստատել ԿԽՄԿ-ի գործընկերների հետ, հայտնում են նրա գրասենյակից։
«Խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կապ է հաստատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործընկերների հետ, շարունակում է իրականացնել փաստահավաք աշխատանքներ:
Դեպքի առնչությամբ մանրամասներ ճշտելուց հետո Պաշտպանը կդիմի նաև մարդու իրավունքների մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին»,-ասված է հաղորդագրության մեջ։
68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգման մասին այսօր Արցախի մարդու իրավունքների պաշտպանն էր ահազանգել։
Արցախցու առևանգման մասին Ստեփանակերտի հայտարարությունից ժամեր անց Բաքուն հաղորդեց, որ ադրբեջանցի իրավապահները ձերբակալել են նրան ու Բաքու են տեղափոխել։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «Վագիֆ Խաչատուրյանին մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, ու նրան կալանավորելու որոշում կայացվել, նրա նկատմամբ «միջազգային հետախուզում է հայտարարվել»։