Մատչելիության հղումներ

Ադրբեջանի գործելակերպը միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտում է, հայտարարում է Երևանը


Պաշտոնական Երևանը անընդունելի և դատապարտելի է համարում Ադրբեջանի կողմից այսօր իրականացված հանցավոր գործողությունը, ասված է Արտգործնախարարության հայտարարության մեջ։

Հուլիսի 29-ին բուժման նպատակով Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ուղեկցությամբ Արցախից Հայաստան տեղափոխվող, լուրջ առողջական խնդիրներ ունեցող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետի մոտ առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ՝ առանց որևէ հավաստի մեկնաբանության, իր հայտարարության մեջ դեպքի մասին հիշեցրել է ԱԳ նախարարությունը։

Արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ ԿԽՄԿ-ն նախապես կողմերին տրամադրում է տեղափոխվող հիվանդների ցուցակները և միայն համաձայնեցնելուց հետո է իրականացնում նրանց տեղափոխումը։

«Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից առևանգումից անմիջապես հետո՝ կեղծ նարատիվներով և մեղադրանքներով լի հաղորդագրության տարածումը ցույց է տալիս, որ այս գործողությունը նախապես մանրամասնորեն ծրագրված է եղել։ Ավելին, հաղորդագրության մեջ հնչում է բացահայտ սպառնալիք նույն մոտեցումը ԼՂ այլ բնակիչների նկատմամբ ևս կիրառելու վերաբերյալ:

Ադրբեջանի այս գործելակերպը միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտում է. միջազգային հումանիտար իրավունքի և ԿԽՄԿ պաշտպանության ներքո գտնվող անձի ձերբակալումը այլ կերպ, քան ռազմական հանցագործություն որակել չի կարելի», - հայտարարել է Երևանը։

Ըստ նրա՝ սա նաև միտված է ամբողջությամբ արգելափակելու ԿԽՄԿ գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, այն պարագայում, երբ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Լաչինի միջանցքը և առհասարակ խոչընդոտում է այլ մարդասիրական կազմակերպությունների մուտքը Արցախ:

«Հատկանշական է, որ ադրբեջանական իշխանությունների այս գործողությունն իրենից ներկայացնում է երկրի նախագահի կողմից մայիսի 28-ին արված՝ «Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը ԼՂ հայերի համար դաս լինելու, նրանց՝ գլխիկոր ներկայանալու» հայտարարության և շարունակաբար հնչող սպառնալիքների ուղղակի իրականացում, որոնց մասին հայկական կողմը բազմիցս ահազանգել է միջազգային գործընկերներին՝ կոչ անելով դատապարտել այդ և նմանօրինակ այլ հայտարարությունները։ Ադրբեջանի այս գործողությունն անմիջականորեն ի ցույց է դնում, որ Հայաստանի կողմից արդեն իսկ տևական ժամանակ բարձրաձայնվող էթնիկ զտումների վերաբերյալ ահազանգերն արտացոլում են առկա օրհասական վտանգների լրջությունը», - նշել է նախարարությունը:

68-ամյա տղամարդու առևանգման մասին Արցախի պետնախարարն ու Մարդու իրավունքների պաշտպանն էին այսօր ահազանգել։ Այդ հայտարարություններից ժամեր անց Բաքուն հաղորդեց, որ ադրբեջանցի իրավապահները ձերբակալել են ու Բաքու են տեղափոխել Հայաստան բուժման եկող տղամարդուն։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «Վագիֆ Խաչատուրյանին մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, ու նրան կալանավորելու որոշում կայացվել, նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։

«Ակնկալում ենք միջազգային հանրության միասնական և հստակ քայլերը, այդ թվում` առկա գործիքակազմի օգտագործումն՝ ուղղված Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժի վերականգնման, Լեռնային Ղարաբաղում միջազգային մարդասիրական կազմակերպությունների գործունեության ապահովման և Լեռնային Ղարաբաղ հումանիտար մուտքի ապահովման ուղղությամբ», - շեշտել է Հայաստանի ԱԳՆ-ն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG