Մատչելիության հղումներ

Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել Լաչինի միջանցքով մարդկանց, բեռների ազատ տեղաշարժը 


Չնայած միջազգային դատարանների վճիռներին ու ամիսներ անց այդ վճիռները վերահաստատելու փաստին, Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհով մարդկանց, բեռների ազատ տեղաշարժը։

Անցած ամիսներին արգելափակված Լաչինի հարցով որոշումներ են կայացրել երկու հեղինակավոր միջազգային ատյաններ՝ ՄԱԿ-ի արդարադատության դատարանը և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը։ Բայց Լաչինի միջանցքով վերջին օրերին մեկ անգամ թույլատրվել է միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) երթևեկը, որը երեք օր առաջ՝ հուլիսի 14-ին է 11 հիվանդի տեղափոխել Հայաստան։

«Աշխատանքները շարունակվում են, որպեսզի մնացած սպասող բուժառուներին էլ կարողանանք տեղափոխել», - ասում է ԿԽՄԿ-ի արցախյան առաքելության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը։

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է ավելի քան 7 ամիս։ Անցած դեկտեմբերին էր, երբ իրենց բնապահպան անվանող ադրբեջանցի ակտիվիստները փակեցին Լաչինի միջանցքը՝ ներկայացնելով բնապահպանական պահանջներ ու արգելելով տեղաշարժը։ Դրանից 4 ամիս անց Բաքուն անցակետ տեղադրեց Արցախը Հայաստանին կապող Հակարիի կամրջի վրա՝ պարտադրելով արցախցիներին անցնել միմիայն անցակետով՝ միայն իր թույլտվությամբ։

«Մի պահ փակ էր չակերտավոր ակտիվիստների ակցիաների հետևանքով, հիմա փակ է անցակետ դնելու և իրենց կողմից ուղղակիորեն արգելափակելու հետևանքով», - ասում է միջազգային իրավական հարցերով Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Արդարադատության կամ Հաագայի դատարանը դեռ անցած փետրվարին էր Բաքվին պարտավորեցրել ապաշրջափակել Լաչինի միջանցքը, իսկ Եվրադատարանն էլ պահանջել էր ապահովել Հայաստանում բուժման կարիք ունեցողների, ճանապարհին մնացածների ու բեռների տեղաշարժը։

Անցած ամիսներին շրջափակված Լաչինի հարցով որոշումներ են կայացրել երկու միջազգային դատարաններ՝ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը և Եվրոպական դատարանը։

Եղիշե Կիրակոսյանը հուլիսի սկզբին կրկին դիմել էր Հաագայի Արդարադատության միջազգային դատարան։ Ահազանգել էր, որ Ադրբեջանը ոչ միայն չի բացում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, այլ նաև միջանցքում անցակետ է տեղադրել ու խնդրել էր դատարանին՝ նաև պարտավորեցնել Բաքվին հանել անցակետը տարածքից։ Օրերս դատարանը կողմերին է տրամադրել իր որոշումը, որում նշվում է, որ դատարանը մերժել է հայկական կողմի՝ անցակետը հանելու պահանջն ու ընդգծել՝ ուժի մեջ է թողնում իր սկզբնական, հիմնական պահանջը՝ բացել Լաչինի միջանցքը։

Եղիշե Կիրակոսյան
Եղիշե Կիրակոսյան

«Մենք ասել ենք, որ փետրվարի 22-ին կիրառած միջոցդ փոփոխություն արա, քանի որ անցակետ է դրել։ Դատարանն ասել է՝ էս հանգամանքներում փոփոխություն անելու անհրաժեշտություն չեմ տեսնում, որովհետև ես արդեն նմանատիպ միջոց կիրառել եմ, դա վերահաստատում եմ։ Մերժում եմ քո փոփոխելու խնդրանքը, բայց վերահաստատում եմ իմ փետրվարի 22-ի որոշումը», - փոխանցեց Կիրակոսյանը։

Անցակետը հեռացնելու մասին հայկական կողմի պահանջը չբավարարելու փաստը ադրբեջանական կողմը հաղթանակ է բնորոշում։ Ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, թե դատարանը «ևս մեկ անգամ հաստատում է հայկական կողմի ստերը»։

Մինչդեռ Լաչինի միջանցքի հարցը շարունակում է մնալ նաև Եվրադատարանի օրակարգում։ Օրերս՝ հուլիսի 15-ին Ստրասբուրգի դատարանը վերահաստատել է իր դեկտեմբերի որոշումը՝ պարտավորեցնելով Բաքվին միջոցներ ձեռնարկել ապահովելու Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը։

«Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքը բացելու պահանջը վերահաստատելուց հետո Մարդու իրավունքների միջազգային դատարանը որոշեց՝ իր 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը մնում է ուժի մեջ, և Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր իրավասության տակ եղած բոլոր միջոցները միջանցքով անվտանգ անցումն ապահովելու համար», - Թվիթերում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակն ու ընդգծել՝ այլ միջազգային դերակատարները ևս պետք է հետևեն այս գծին։

Թե կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկելու պաշտոնական Երևանը, ավելի ստույգ միջազգային իրավական հարցերով Հայաստանի կառավարության ներկայացուցիչը, առայժմ հստակ չէ, Եղիշե Կիրակոսյանի գրասենյակը դեռ չի պարզաբանում։

Մինչ այդ, միջազգային դատարաններին Բաքուն շարունակում է հավաստիացնել՝ Լաչիի միջանցքը բաց է, և ճանապարհն անցնողները պետք է շարժվեն իր օրենքներով՝ գրանցվելով անցակետում։ Սակայն Հակարիի կամրջի վրա անցակետ տեղադրելուց հետո վերջին մեկ ամսում Ադրբեջանն արգելել է ոչ միայն մարդկանց, այլ նաև սննդի, դեղորայքի ու վառելիքի փոխադրումը Հայաստանից՝ պատճառաբանելով կամրջի վրա միջադեպը, երբ ադրբեջանցիները փորձել էին դրոշ տեղադրել Հայաստանի տարածքում, իսկ հայկական կողմը կրակոցներով կանխել էր։

Շրջափակված Արցախում օրեցեօր հումանիտար աղետն ահագնանում է, օրերս ահազանգել էր Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը. - «Մարդու իրավունքնե՞ր ասում եք։ Ուրեմն ասեք ինձ, ես ինչպե՞ս նաև այս ժողովրդի աչքերին և ասեմ, որ իրենք էլ ունեն իրավունքներ, թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել, մայրերի աչքերին, որոնց օրվա ամենամեծ երազանքը իրենց երեխայի համար մի բուռ միրգ կամ քաղցրավենիք հայթայթելն է»։

Պաշտոնական տվյալներով, մթերքների և վիտամինների պակասի պատճառով առաջին հերթին մոտ 2 հազար հղիներն ու շուրջ 30 հազար երեխաները ստիպված են գոյատևել թերսնման պայմաններում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG