Ադրբեջանի գործողությունները ոչ միայն միտված չեն Ստեփանակերտի հետ կառուցողական երկխոսության միջոցով գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրները հասցեագրելուն, այլև ճիշտ հակառակը՝ հետևողականորեն տանում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների, հայտարարում է պաշտոնական Երևանը։
Ասվածի ամենաթարմ վկայությունը, ըստ Հայաստանի ԱԳՆ-ի, երկու օր առաջ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում բետոնե պատնեշների տեղադրումն է և մարդկանց, բեռների ու տրանսպորտի որևէ տեղաշարժի բացառումը, ինչի հետևանքով ամբողջովին դադարեցված է ԼՂ սննդի, դեղորայքի ու առաջին անհրաժեշտության պարագաների մատակարարումը և ծանր հիվանդների տեղափոխումը՝ անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:
Արդեն 6 ամսից ավել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը զուգահեռ խափանված է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ:
«Ադրբեջանի իշխանությունների կողմից չդադարող թշնամանքի և ատելության խոսքը, ուժի կիրառման սպառնալիքը և սադրանքները թե՛ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, թե՛ ԼՂ հայության նկատմամբ լրջորեն կասկածի տակ են դնում այդ պետության բարձրագույն ղեկավարության անկեղծությունը և քաղաքական կամքը՝ խաղաղության հասնելու Հարավային Կովկասում։
Այս գործողություններն իրականացվում են՝ ի հեճուկս ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված պարտադիր իրավաբանական ուժ ունեցող որոշումների և միջազգային հանրության կողմից հնչող բազմաթիվ կոչերի», - ասված է Արտգործնախարարության հայտարարության մեջ։
Այս պայմաններում, շեշտում է գերատեսչությունը, միջազգային հանրությունը չի կարող կույր ձևանալ և պատրանքներ ունենալ, թե Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերը կարող են հասցեագրվել առանց միջազգային հատուկ և անհետաձգելի ուշադրության, ներգրավման և ջանքերի:
«Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայության իրավունքների և անվտանգության հասցեագրումը միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով, անհրաժեշտ է և կենսական: Անհրաժեշտ ենք համարում կրկին ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է անկեղծ ջանքերի գործադրումը տարածաշրջանում խաղաղության հաստատման համար», - ասված է հայտարարության մեջ:
Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամրջի մոտ իրավիճակը սրվեց շուրջ տասն օր առաջ, երբ Հայաստանի տարածքում Ադրբեջանի դրոշ տեղադրելու ադրբեջանցի սահմանապահների փորձը ձախողվեց հայկական կողմի միջամտությամբ։ Ադրբեջանն արգելում է նաև հումանիտար փոխադրումներն Արցախ։
Արցախն ամբողջական շրջափակման մեջ պահելուց մեկ շաբաթ անց ադրբեջանական կողմը հինգշաբթի օրն էլ Հակարիի կամրջի իր կողմում՝ անցակետից ոչ շատ հեռու, բետոնե արգելապատնեշներ է տեղադրել։