Պաշտոնական Երևանը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի հուլիսի 6-ի որոշումը, որի ամբողջական տեքստը կողմերին տրամադրվել է հուլիսի 11-ին։
Որոշմամբ դատարանը միաձայն վերահաստատում է ավելի վաղ՝ փետրվարի 22-ի իր որոշումը՝ կրկին պարտավորեցնելով Ադրբեջանին, մինչև գործի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին համապատասխան «ձեռնարկել իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցներն՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով»:
Հուլիսի 6-ի որոշմամբ դատարանը հաստատում է, որ նախորդ որոշումը «առանց սահմանափակման կիրառելի է» Ադրբեջանի կողմից տեղադրված անցակետի նկատմամբ, և որ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի առկայությունն ու շահագործումն իրավամբ ռասայական խտրականություն է, հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը։
«Կարևոր է նշել, որ դատարանը համարել է, որ «կողմերի միջև լարված իրավիճակը հաստատում է սույն որոշման արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը», որն ընդունվել է կանխելու էթնիկ հայերի՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայով պաշտպանվող իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգը, և որը միտումնավոր անտեսվել և մինչ օրս անտեսվում է Ադրբեջանի կողմից», - արձանագրել է արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Ըստ Երևանի՝ սա կրկին ապացուցում է, որ Ադրբեջանի՝ դատարանի փետրվարի 22-ի որոշման կատարման վերաբերյալ պնդումները կեղծ էին և մանիպուլացնող:
«Կոչ ենք անում նաև միջազգային մյուս դերակատարներին, և, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ձեռնարկել բոլոր քայլերը՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ և արդյունավետ իրականացումը», - ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Փետրվարին կայացված որոշումից ու Բաքվի կողմից դրա անտեսումից հետո Հայաստանը վերջերս դարձյալ դիմել էր Հաագայի դատարան՝ ահազանգելով, որ Ադրբեջանը ոչ միայն չի բացում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, այլ նաև միջանցքում անցակետ է տեղադրել։