Մատչելիության հղումներ

Արցախի օմբուդսմենն ահազանգում է՝ «ծանրագույն իրավիճակ է, եթե նման ձևով շարունակվի, օրերի ընթացքում աղետալի պատկերի առաջ ենք կանգնելու»


Մի քանի օրից մեկ ամիսը կլրանա, երբ որևէ տեսակի սննդամթերք, վառելիք, առաջին անհրաժեշտության և այլ ապրանքներ Արցախ մուտք չեն գործում, «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Ընդգծելով, որ Արցախը յոթ ամիս է շրջափակման մեջ է՝ Ստեփանյանը նշեց՝ թեև ռուսների միջոցով շատ քիչ փոխադրումներ իրականացնելու հնարավորություններ ունեին, սակայն մինչև հունիսի 15-ը որևէ ապրանքի ուղղությամբ պաշարներ չեն ունեցել և օբյեկտիվորեն չէին կարող դրանք կուտակել։

«Այսօր, եթե քայլեք Ստեփանակերտի փողոցներով, կտեսնեք, որ խանութները դատարկ են, միրգ և բանջարեղեն, որ արտադրվում է Արցախում, խիստ անհամապատասխան է տեղական պահանջարկին։ Եղած ապրանքի գները շատ բարձր են, որովհետև սղությամբ պայմանավորված մրցակցություն չկա և մեծ ջանքեր է պահանջում որոշակի ապրանքներ հայթայթելու։ Իսպառ բացակայում է ձեթը, շաքարավազը, պետությունը պետական ռեսուրսների պահուստի հաշվին որոշակի խոցելի խմբերին տրամադրել է, բայց դա էլ խնդրի լուծում չէ։ Ենթադրենք տրամադրվեց՝ տասը օր կամ 15 օր գոյատևելու համար, բա դրանից հետո ի՞նչ է կատարվելու», - ասաց Պաշտպանը։

Նրա համոզմամբ, եթե իրավիճակը շարունակի մնալ այսպես, եթե միջազգային հանրության կողմից կոչերից, հայտարարություններից անդի որևէ քայլ չձեռնարկվի, ուրեմն կարող են եզրակացնել, որ միջազգային հանրությունը լռելյայն համաձայնություն է տալիս Ադրբեջանի կողմից իրականացվող այս քաղաքականությանը, որը ոչ այլ ինչ է, քան, ինչպես Ստեփանյանը բնորոշեց, մարդկության դեմ ուղղված հանցագործություն։

«120 հազար մարդու պահել պաշարման մեջ, 120 հազար մարդու ենթարկել ամենօրյա զրկանքների և բռնությունների, դրան զուգահեռ, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձանց ուղղությամբ անընդհատ կրակել, գազը մեկ օրով միացնել և անջատել, սա ծաղրանք է ուղղակի մեր ժողովրդի նկատմամբ, և ծանրագույն իրավիճակ է, և եթե նման ձևով շարունակվի, ապա օրերի ընթացքում մենք իրապես աղետալի պատկերի առաջ ենք կանգնելու», - եզրափակեց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։

Երեկվանից Ադրբեջանը դարձյալ ամբողջապես փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Ստեփանակերտից Երևան ծանր հիվանդներ տեղափոխող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաների տեղաշարժն է նաև արգելվել Հակարիի կամրջով։

Պաշտպանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG