Մատչելիության հղումներ

Ադրբեջանն անցակետը վերածել է զրահատեխնիկայով, զինված անձնակազմով համալրված ռազմական հենակետի. Արցախի ԱԳՆ


Ընդամենը մեկ ամսվա ընթացքում Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի վրա ապօրինի տեղադրած և գովազդած իր անցակետն Ադրբեջանը վերածել է զրահատեխնիկայով, ինժեներական արգելապատնեշներով և զինված անձնակազմով համալրված ռազմական հենակետի, հայտարարում է պաշտոնական Ստեփանակերտը։

Սա, ըստ Արցախի արտգործնախարարության, ապացուցում է, որ ադրբեջանական կողմի բոլոր գործողությունները կրում են կանխամտածված և ծրագրված բնույթ և նպատակ ունեն հայերի կյանքն Արցախում դարձնել անհնարին։

Արցախն ամբողջական շրջափակման մեջ պահելուց մեկ շաբաթ անց ադրբեջանական կողմը երեկ էլ Հակարիի կամրջի իր կողմում՝ անցակետից ոչ շատ հեռու, բետոնե արգելապատնեշներ է տեղադրել։

Արցախից կոչ են անում 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերին, և առաջին հերթին՝ Ռուսաստանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն՝ ապահովելու ստանձնած միջազգային պարտավորությունների անշեղ և լիարժեք իրականացումը։

«Դիմում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որը կրում է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման առաջնային պատասխանատվությունը, ինչպես նաև միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամներին, ներառյալ առանձին երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարություններին, խոսքից գործի անցնել և Պաշտպանության համընդհանուր պատասխանատվության շրջանակներում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու Ադրբեջանի կողմից Արցախի և նրա ժողովրդի դեմ իրականացվող ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները և մարդկության դեմ հանցագործությունները», - ասված է հայտարարության մեջ։

Հակարիի կարմջին բետոնե արգելապատնեշի տեղադրումից ժամեր անց պաշտոնական Մոսկվան Բաքվին կոչ է արել ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ շեշտելով, որ նման գործողություններով խախտվում են նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները։

Արցախի ԱԳՆ-ն հիշեցնում է, որ Լաչինի միջանցքով ճանապարհի ամբողջական արգելափակման պատճառով հունիսի 15-ից դադարեցվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից բնակչությանն անհրաժեշտ հումանիտար բեռների, մասնավորապես՝ պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների բոլոր փոխադրումները: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից չի իրականացվում Արցախից Հայաստանի բուժհաստատություններ ծանր հիվանդների տեղափոխումը, ինչպես նաև կենսական նշանակության դեղամիջոցների մատակարարումը։

XS
SM
MD
LG