Մատչելիության հղումներ

Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում զինվոր չունի


«Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել Լեռնային Ղարաբաղից դուրս բերել Հայաստանի բանակի ստորաբաժանումներն այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում զինվոր չունի», - կառավարության նիստին այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ըստ էության պատասխանելով Իլհամ Ալիևի երեկ արած հայտարարություններին։

«Լեռնային Ղարաբաղում գործում է ԼՂ պաշտպանության բանակը, որի գոյության պատճառները յուրաքանչյուր ոք ամեն օր կարող է գտնել Ադրբեջանի պաշտոնական քարոզչության և գործողությունների մեջ, որի անթաքույց էությունը Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելն է: Ըստ էության, այդ քաղաքականության սողացող իրագործումն ենք այսօր տեսնում Լեռնային Ղարաբաղում», - հավելել է Փաշինյանը:

«Եթե Հայաստանն իրոք հետաքրքրված է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությամբ, ուրեմն նրանց զինված ուժերը պետք է ամբողջությամբ լքեն Ադրբեջանի Ղարաբաղ շրջանը», - երեկ պնդել է Ադրբեջանի նախագահը։

Երեկ Ադրբեջանի նախագահը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և այդ երկիր ժամանած այլ արտգործնախարարների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե Հայաստանը խոչընդոտում է «զանգեզուրյան միջանցքի բացմանը», որը նրա խոսքերով՝ 3 տարի առաջ ստորագրված կապիտուլյացիայի ակտի պարտավորություններից մեկն է Ադրբեջանի հիմնական մասը կապել Նախիջևանին։

«Այստեղ նույնպես ստիպված եմ կրկնել, որ Հայաստանը երբևէ ո'չ գրավոր, ո'չ բանավոր որևէ միջանցքային պարտավորություն չի ստանձնել և նման որևէ մեկնաբանություն երբևէ չի ընդունի: Որ Հայաստանը որևէ միջանցքային պարտավորություն չի ստանձնել, կարող է տեսնել յուրաքանչյուր ոք՝ կարդալով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Ինչ վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո ապաշրջափակմանը՝ Հայաստանը բազմիցս հայտարարել է և հայտարարում է, որ պատրաստ է դրան», - նշեց Փաշինյանը։

Երկրների ինքնիշխանության սահմաններում ճանապարհները չեն բացվում, քանի որ, ըստ Փաշինյանի, Ադրբեջանը նույն տրամաբանությամբ չի ցանկանում ճանապարհ տրամադրել Հայաստանին՝ չհրաժարվելով Հայաստանը շրջափակելու իր 30-ամյա քաղաքականությունից:

Ալիևը երեկ չէր սահմանափակվել Հայաստանին մեղադրելով ճանապարհ չտալու ու Արցախում զորքեր պահելու համար։ Նա հայտարարել էր, թե իրենց երկիրն աշխարհում ամենաականապատված երկրներից է, ինչի մեղքը նույնպես Հայաստանին է։

Փաշինյանը հիշեցրեց, որ Երևանը նախորդ տարիներին Ադրբեջանին է փոխանցել վերջինիս վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքների, ականադաշտերի քարտեզները, որոնք Բաքուն հիմա ակտիվ օգտագործում է։ Քարտեզների փոխարեն Ադրբեջանն այդպես էլ ազատ չարձակեց հայ ռազմագերիներին։

Չնայած Ադրբեջանի հետ հարաբերություններում եղած բարդություններին, Փաշինյանը այսօր կրկին հայտարարեց, որ խաղաղության օրակարգն այլընտրանք չունի. - «Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի»:

Այնուամեայնիվ, ըստ վարչապետի, վաշինգտոնյան վերջին բանակցությունների ընթացքում առաջընթացը շոշափելի չէ, իսկ խաղաղության պայմանագրի տեքստը պատրաստ չէ ստորագրման:

Բարձրաձայնված անհամաձայնությունները բավական ծանրակշիռ են, որպեսզի լրջագույն խնդիր լինեն որևէ սկզբունքային համաձայնության առումով. Բադալյան

Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով, բանակցություններում Արցախի անվտանգության հարցից բացի եղած երկու գլխավոր տարաձայնությունները հայտնի են՝ սահմանազատման գործընթաց և պայմանագրի միջազգային երաշխիքներ. - «Սահմանազատման և սահմանագծման հարցում, դրանից բխող նաև տարածքային ամբողջականության ճանաչման հարցում չկա համաձայնություն։ Այսինքն՝ ինչ մեթոդաբանությամբ և ինչ ելակետով պետք է լինի էդ ճանաչումը և սահմանազատումն ու սահմանագծումը։ Նաև խաղաղության պայմանագրի իրագործման միջազգային երաշխիքների հարցում։ Սրանք գոնե բարձրաձայնված անհամաձայնություններն են։ Ես կարծում եմ, ինքնին արդեն բավական ծանրակշիռ են, որպեսզի լրջագույն խնդիր լինեն որևէ սկզբունքային համաձայնության առումով»։

Որքան բանակցությունները շարունակվեն ու մոտենան գլխավոր հարցերի շուրջ տարածայնություններին, այնքան հնարավոր է մեծանա լարվածությունը, կարծում է Բադալյանը։ Ըստ նրա միջնորդները պետք է կարողանան զսպել Ադրբեջանի կողից ուժի կիրառման սպառնալիքը ու շանտաժի քաղաքականությունը, ինչն այս պահին նկատելի չէ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG