Մատչելիության հղումներ

Բաքուն շարունակում է պնդել՝ Արցախի ՊԲ-ը Հայաստանին է պատկանում


Չնայած Երևանից հնչող բազմաթիվ հերքող հայտարարություններին՝ Ադրբեջանը շարունակում է պնդել, թե Արցախի պաշտպանության բանակը պատկանում է Հայաստանին։ Ադրբեջանի արտգործնախարարությունը պատասխանել է Հայաստանի վարչապետի երեկվա հայտարարությանը։ Փաշինյանը ևս մեկ անգամ ասել էր, որ «Հայաստանը Լեռնային Ղարաբաղում զինվոր չունի»։

«Լեռնային Ղարաբաղում գործում է ԼՂ պաշտպանության բանակը, որի գոյության պատճառները յուրաքանչյուր ոք ամեն օր կարող է գտնել Ադրբեջանի պաշտոնական քարոզչության և գործողությունների մեջ, որի անթաքույց էությունը Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելն է: Ըստ էության, այդ քաղաքականության սողացող իրագործումն ենք այսօր տեսնում Լեռնային Ղարաբաղում», - հավելել է Փաշինյանը:

Բաքուն, սակայն, պնդում է եռակողմ հայտարարության համաձայն «Հայաստանը պարտավոր է զինված ուժերը դուրս բերել Ադրբեջանի տարածքից», և Հայաստանի պատասխանը, որ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները չեն պատկանում ՀՀ զինված ուժերին, ըստ Բաքվի, «հակասում է տրամաբանությանը, քանի որ նրանց ներկայացուցիչներն էլ դատվում են Հայաստանի դատարանների կողմից»։

Երկու օր առաջ նույն թեմայի մասին խոսել էր Իլհամ Ալիևը. - «Եթե Հայաստանն իրոք հետաքրքրված է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությամբ, ուրեմն նրանց զինված ուժերը պետք է ամբողջությամբ լքեն Ադրբեջանի Ղարաբաղ շրջանը»։

Ադրբեջանը խիստ ակտիվացրել է խոսակցությունները Պաշտպանության բանակի լուծարման շուրջ, ինչը քաղաքական մեկնաբան Արեգ Քոչինյանը համարում է Լաչինի միջանցքը փակելուն համարժեք քայլ, 2 գործողությունների վերջնական նպատակը Արցախում պետականությունը վերացնելն է։

«Մոտենում է ռուսական խաղաղ կանտինգենտի առաքելության ժամկետի ավարտն ու Ադրբեջանն ուզում է մինչև դա հնարավորինս հստակեցված պատկեր տեսնել, սա առաջինը: Երկրորդ՝ Ադրբեջանը չի ուզում ժամանակ կորցնել և ցանկանում է պատերազմի իր ձեռքբերումները հնարավորինս իրավական և դիվանագիտական դաշտ տեղափոխել: Երրորդ՝ Լաչինի բլոկադայից հետո, Լաչինի փակումից ի վեր հաջորդ տրամաբանական քայլը Արցախում պետականության դեմոնտաժի՝ հենց Ադրբեջանի կողմից Պաշտպանության բանակի վերացումն է», - ընդգծեց Քոչինյանը:

Մինչ Հայաստանը փորձում է միջազգային հանրության բացատրել, որ կապ չունի Պաշտպանության բանակի հետ, իսկ դրա լուծարման դեպքում Ղարաբաղի հայերը կարող են կանգնել էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգի առջև, Բաքուն դիտարկում է նաև այլ սցենար. Քոչինյանը չի բացառում, որ Ադրբեջանը կարող է անգամ հարվածներ հասցնել Պաշտպանության բանակին։

«Բացառել նման սցենարը, որ Ադրբեջանը կգնա ռազմական էսկալացիայի ու կփորձի ոչնչացնել Պաշտպանության բանակի ենթակառուցվածքներն ու կարողությունները, չի կարելի բացառել որևէ պարագայում», - ասաց քաղաքական մեկնաբանը:

Երեկ ուշ երեկոյան հեռախոսազրույցի ընթացքում Լեռնային Ղարաբաղում սրվող իրադրության ու հումանիտար ճգնաժամի մասին խոսել են Հայաստանի ու Ֆրանսիայի արտգործնախարարները։ Փարիզի հաղորդագրության համաձայն՝ Կատրին Կոլոնան ընդգծել է, որ «միայն միջազգային իրավունքը հարգող համաձայնագիրը, որը հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը շարունակել ապրել այնտեղ՝ պահպանելով իրավունքներն ու մշակույթը, կարող է հանգեցնել երկու երկրների միջև արդար և տևական խաղաղության»։

Միրզոյանի և Կոլոնայի հեռախոսազրույցը հաջորդեց նախօրեին Ալիևի, իսկ երեկ Ռուսաստանի արտգործնախարարարության խոսնակ Զախարովայի կողմից Փարիզի հասցեին ուղղված մեղադրանքներին, Բաքուն և Մոսկվան չէին խնայել Ֆրանսիայի իշխանություններին՝ պնդելով, որ Փարիզն անաչառ միջնորդ չէ։

«Ֆրանսիան կասկածելի մանդատով օժտված քաղաքացիական դիտորդական խումբ է գործուղել տարածաշրջան՝ անտեսելով Ադրբեջանի տեսակետը: Դա այդ կոֆլիկտի վերաբերյալ Ֆրանսիայի դիրքորոշման օրինակն է: Դրանք ցուցադրական քայլեր են, որոնց նպատակն է ոչ թե օգնել կողմերին, այլ Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից և սեփական նպատակներին հասնել», - ճեպազրույցի ընթացքում ասել էր Զախարովան:

«Ես կարծում եմ, որ մեր շահերից վաղուց չի ելնում Ֆրանսիա՝ որպես միջնորդ, Ֆրանսիա՝ որպես մեդիացիա անող կողմ: Ինչպես, որ Ադրբեջանն ունի դաշնակից ի դեմս Թուրքիայի, այնպես էլ մեզ, ինձ թվում է, շատ ավելի ձեռնտու կլիներ Ֆրանսիան որպես դաշնակից և ոչ որպես միջնորդ, այնպես որ Ֆրանսիայի միջնորդական ջանքերի վերարժևորման ժամանակը, ես կարծում եմ, վաղուց եկել է», - ընդգծեց Արեգ Քոչինայնը:

Հուլիսի վերջին Բրյուսելում նախատեսված է Փաշինյան-Ալիև հանդիպում Եվրոպայի խորհրդի նախագահի միջնորդությամբ, Միրզոյանի հետ զրույցում Ֆրանսիայի արտգործնախարարը վերահաստատել էր Փարիզի «լիակատար աջակցությունը եվրոպական և ամերիկյան միջնորդական ջանքերին»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG