Մատչելիության հղումներ

Վերականգնվել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը


Հուլիսի 8-ի երեկոյան վերականգնվել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, հայտնում է տեղեկատվական շտաբը։

Գազամատակարարման վերականգնման արդյունքում կուտակված գազը սկզբում մատակարարվել է միայն ավտոգազալցակայաններին՝ խուսափելու համար լրացուցիչ անվտանգային ռիսկեր առաջացնելուց, հայտնում են «Արցախգազ»-ից, հավելելով, որ հիմա աշխատակիցները կատարում են լրացուցիչ տեխնիկական աշխատանքներ՝ բոլոր բաժանորդներին գազի մատակարարման համար համակարգը նախապատրաստելու նպատակով:

«Այդ առումով հորդորում ենք բոլոր բաժանորդներին նախազգուշական միջոցներ ձեռնարկել տեղերում, համոզվել, որ գազօգտագործման կետերը անվտանգ են, հեղուկ գազի բալոնները որևէ կերպ միացված չեն գազամատակարարման համակարգին և մնացած բոլոր պայմաններն ապահովված են գազօգտագործման համար:

Նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ՝ «Արցախգազ» ՓԲԸ-ն այսօր սկսել է աստիճանաբար վերականգնել բոլոր բաժանորդների գազամատակարարումը», - նշում են ընկերությունից:

Դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ գտնվող Արցախում մարտից էլ գազամատակարարումն էր լրիվությամբ ու անընդմեջ անջատվել։ Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի ամփոփագրի՝ շրջափակման երկու հարյուրիից ավելի օրերի ընթացքում Ադրբեջանը գազամատակարարումը խափանել է 143 օր շարունակ:

Հաշվի առնելով Հայաստանից Արցախ գազամատակարարման վերականգնումը և նաև վառելիքի սղությամբ պայմանավորված ավտոգազալիցքավորման մեծ պահանջարկը՝ կառավարությունը որոշել է մինչև հուլիսի 11-ի առավոտյան Արցախի ողջ տարածքում ապահովել շուրջօրյա էլեկտրամատակարարում: Դրա շնորհիվ հնարավոր կլինի կազմակերպել ավտոգազալցակայանների շուրջօրյա աշխատանքը և հնարավորինս մեծ քանակի մեքենաների գազալիցքավորումը, նշում է տեղեկատվական շտաբը։

Այս ժամկետում էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծավալի մատակարարումը կազմակերպվելու է Սարսանգի ջրամբարի պաշարների լրացուցիչ օգտագործմամբ էլեկտրաէներգիայի արտադրանքի ծավալի ավելացման շնորհիվ: Հուլիսի 11-ից էլեկտրամատակարարման համակարգը կրկին գործելու է վեցժամյա հովհարային անջատումների նույն ժամանակացույցով. Ադրբեջանը հունվարի 9-ից ի վեր շարունակում է խափանած պահել Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը:

XS
SM
MD
LG