Արցախի կառավարությունը որոշել է մինչև հուլիսի 11-ի առավոտյան Արցախի ողջ տարածքում ապահովել շուրջօրյա էլեկտրամատակարարում՝ հաշվի առնելով Հայաստանից Արցախ գազամատակարարման վերականգնումը և նաև վառելիքի խիստ սղությամբ պայմանավորված ավտոգազալիցքավորման մեծ պահանջարկը։
Դրա շնորհիվ հնարավոր կլինի կազմակերպել ավտոգազալցակայանների շուրջօրյա աշխատանքը և հնարավորինս մեծ քանակի մեքենաների գազալիցքավորումը, նշում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Այս ժամկետում էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծավալի մատակարարումը կազմակերպվելու է Սարսանգի ջրամբարի պաշարների լրացուցիչ օգտագործմամբ էլեկտրաէներգիայի արտադրանքի ծավալի ավելացման շնորհիվ: Հուլիսի 11-ից էլեկտրամատակարարման համակարգը կրկին գործելու է վեցժամյա հովհարային անջատումների նույն ժամանակացույցով, քանի որ Ադրբեջանը հունվարի 9-ից ի վեր շարունակում է խափանած պահել Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը, հիշեցնում են Արցախից։
«Խնդրում ենք բոլորին հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրականությունը՝ խուսափելու համար ցանցի լրացուցիչ ծանրաբեռնվածությունից ու վթարներից: Իսկ ավտոգազալցակայանների աշխատակիցներին ու մեքենաների վարորդներին հորդորում ենք հետևել անվտանգության ու ճանապարհատրանսպորտային երթևեկության բոլոր կանոններին՝ խուսափելու համար պատահարներից ու ավելորդ հերթերից», - հորդորում են տեղեկատվական շտաբից:
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ հուլիսի 8-ի երեկոյան վերականգնվել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը։
Դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ գտնվող Արցախում մարտից էլ գազամատակարարումն էր լրիվությամբ ու անընդմեջ անջատվել։ Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի ամփոփագրի՝ շրջափակման երկու հարյուրից ավելի օրերի ընթացքում Ադրբեջանը գազամատակարարումը խափանել է 143 օր շարունակ: