Արցախի իշխանությունները տեղյակ չեն եղել, որ ադրբեջանական կողմը որոշել է վերականգնել գազամատակարարումն Արցախ, ապա կրկին այն ընդհատել։ Արցախյան կողմի հետ այդ թեմայով որևէ հաղորդակցություն տեղի չի ունեցել, հայտարարել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
Թե որոնք են այս քայլերի պատճառները, ըստ Բեգլարյանի հայտնի չեն։
Այսօր առավոտյան հաղորդվեց, որ հուլիսի 8-ի երեկոյան վերականգնվել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը։ Ապա մի քանի ժամ անց «Արցախգազից» փոխանցեցին՝ ադրբեջանական կողմը փակել է խողովակի վրա եղած փականը։
Գազամատակարարումը շրջափակման մեջ գտնվող Արցախում խափանվել էր մարտի 21-ից։ Այն Ադրբեջանի կողմից խափանվել է ընդհանուր143 օր շարունակ:
«Այս քայլի գլխավոր նպատակը միգուցե կոնկրետ պահի արտաքին ճնշումը որոշակիորեն նվազեցնելն էր, սակայն վստահ եմ, որ մի շարք այլ նպատակներ էլ են հետապնդել Ադրբեջանի իշխանությունները, օրինակ՝ ցանկացած պահի անակնկալ կերպով միացնել-անջատելու միջոցով հարուցել մշտական անորոշություններ և տարաբնույթ բամբասանքներ ու կասկածներ Արցախի բնակչության շրջանում, որի օգտին է խոսում այսօրվա ընդհատումը», - գրել է Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան էջում, չբացառելով նաև այն հանցավոր դիտավորությունը, որ 109-օրյա անընդմեջ դադարից հետո գազամատակարարման անակնկալ վերականգնումը կարող է լրացուցիչ միջադեպերի ու մարդկային կորուստների պատճառ դառնալ:
Ըստ նրա՝ ներքին տեղեկատվական-հոգեբանական իրարանցում ստեղծելուց խուսափելու, ինչպես նաև անորոշից իրավիճակի պատճառով է, որ երեկ պաշտոնական տեղեկություն չի տրվել գազի վերականգնման մասին:
Հունիսի 15-ից, երբ Ադրբեջանը փակեց անցակետը, Արցախ չի մատակարարվել վառելիք։ Արտակ Բեգլարյանն ահազանգում է՝ ի թիվս առաջին անհրաժեշտության մնացած ապրանքների, արդեն լրջագույն խնդիրներ են առաջացել ներքին տեղաշարժի հետ կապված:
Նա նաև միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Արցախի լիակատար պաշարման վրա, նշելով, որ դա, այդ թվում՝ էլեկտրամատակարարման ու գազամատակարարման խափանումները, մարդկության դեմ հանցագործության դրսևորումներ են, ինչը նշանակում է, որ միջազգային հանրությունը հրատապ ու գործնական միջոցներով պետք է վերացնի այս խախտումները և կանխի հումանիտար աղետի հետագա խորացումը: