Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը` առանց նամակի բովանդակությունը հրապարակելու:
«Իշխանությունը նամակ է ուղղել Պուտինին, որում ներկայացված է երկրի ու ժողովրդի ծանրագույն վիճակը։ Կարծում եմ, որ եթե վաղը հստակ քայլեր չտեսնենք ՌԴ կողմից, ապա լռելը հավասարազոր կլինի կործանման… Վաղն էլ համբերենք, հետո հրաբուխի պես պետք է պայթենք՝ հանուն մեր երեխաների, հանուն մեր արժանապատվության», - գրել է Պետրոսյանը՝ կարծիք հայտնելով, որ արցախցիների մեծամասնությունը հավատացել է ոչ թե Հայաստանի ղեկավարին կամ Արցախի ղեկավարին, այլ Ռուսաստանի նախագահ Պուտինի խոսքերին, որ Արցախում հայերը ապրելու են անվտանգ ու արժանապատիվ։
«Այսօր մենք ոչ թե ապրում ենք, այլ գոյատևում ենք, իսկ նրանք, ովքեր մեզ անվտանգություն, արժանապատվություն ու ազատ տեղաշարժ են խոստացել, ուղղաթիռով իրենց համար ուտելիք են կրում, թողնելով մեզ այսպիսի վիճակում», - շեշտել է Հակաճգնաժամային խորհրդի նախագահը։
Արցախի նախագահականը չի մեկնաբանում Հարությունյանի կողմից Պուտինին ուղարկված նամակի մասին տեղեկությունը։ Ընդդիմությունից էլ փոխանցում են, որ տեղեկացված չեն նախագահի քայլերի մասին։ Սակայն ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, թե անցած շաբաթ խորհրդարանում Արայիկ Հարությունանի հետ հանդիպմանն անձամբ է նախագահին հորդորել ուղիղ դիմել Ռուսաստանի ղեկավարությանը՝ և՛ հումանիտար, և՛ քաղաքական հարցերի լուծման նպատակով. - «Քանզի Հայաստանի իշխանությունները ոչ միայն հրաժարվել են, այլ բոլոր քայլերը հնարավոր ու անհնար անում են, որպեսզի Արցախը վերջնականապես հանձնեն Ադրբեջանին: Եվ այս պարագայում այլ տարբերակ չկա, քան՝ ուղիղ կապի դուրս գալ Ռուսաստանի իշխանությունների հետ: Թե դա դեռևս նամակագրական կապի միջոցով կարվի, թե հնարավորություն կա այլ կապի դուրս գալու, դա պիտի արվի»:
Հարցին՝ «բայց Ռուսաստանի Դաշնությունը, Պուտինը խափանելո՞ւ է այդ ծրագիրը Ձեր ասած, որ Ղարաբաղը չհանձնվի Ադրբեջանին», Հակոբյանն արձագանքեց. - «Ինքը կողմ է... Իհարկե շատ դժվար է, որովհետև բանակցային սեղանին երկու շահագրգիռ կողմերը դրել են միանման բանակցային գործընթաց, այսինքն՝ երկու կողմը հստակ տեսնում են Արցախը Ադրբեջանի կազմում՝ Հայաստանի իշխանությունները և Ադրբեջանը, և այս պարագայում շատ, միանշանակ դժվար է երրորդ կողմին, որը միջնորդ կողմ է հանդիսանում, հակառակվել այս գործընթացին: Հետևաբար, դժվարություններ ունի, բայց նաև ինքը հանձնառություն ունի պահելու այստեղ և՛ անվտանգությունը, և՛ հումանիտար խնդիրների լուծմամբ զբաղվելու: Գոնե հումանիտար մասը պիտի, այո, խաղաղապահները կարողանան լուծումներ գտնել»:
Հացի խնդիրն Արցախում արդեն կարգավորվել է, սակայն, պատգամավորի վկայությամբ, խանութներն ամբողջությամբ դատարկ են, առաջին անհրաժեշտության ապրանքներ չկան։ Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ հունիսի 15-ից ընդհանրապես որևէ բան չի մտնում Արցախ։
«Գոյություն չունի թռչնամիս, գոյություն չունի ձու, գոյություն չունի, օրինակ, շաքարավազ, բրինձ, հնդկաձավար, ձեթ, կարագ: Բանջարեղեն, միրգ չկա՝ դա, այսպես, ինչ-որ ֆանտաստիկա է», - ասաց արցախցի ընդդիմադիր պատգամավորը: