Մատչելիության հղումներ

Ստոկհոլմը ՆԱՏՕ-ի հարցում դրական ակնկալիք ունի Վիլնյուսի գագաթնաժողովից


Ֆինլանդիայից հետո եկել է Շվեդիայի հերթը

Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հարցում հստակ պատկերացում ստանալու վերաբերյալ հաջորդ շաբաթ Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հետ հույսեր են կապում ոչ միայն Կիևում, այլև Ստոկհոլմում:

Ընդ որում, Շվեդիայի պարագայում շատ հավանական է, որ կայացվի հստակ դրական քաղաքական որոշում, և անդամակցման հայտի վավերացումը շաբաթների հարց դառնա:

Գլխավոր խոչընդոտն Անկարայի դեռևս մերժողական դիրքորոշումն է:
Գագաթնաժողովի նախօրեին՝ հուլիսի 10-ին, Վիլնյուսում նախատեսվում է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հանդիպումը:

Վերջինս երեկ Բրյուսելում եռակողմ հանդիպում է անցկացրել Շվեդիայի արտաքին գործերի նախարար Տոբիաս Բիլստրյոմի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ:

Ավելի վաղ Ստոլտենբերգն ասել է, թե Վիլնյուսում Շվեդիան չի կարող միանալ ՆԱՏՕ-ին այն պարզ պատճառով, որ Թուրքիան մինչ այդ չի հասցնի վավերացնել անդամակցման հայտը, քանի որ դա որոշակի ընթացակարգ է ենթադրում: Բայց գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ գագաթնաժողովում կհաջողվի հասնել քաղաքական համաձայնության:

Այսպիսով, Շվեդիայի անդամակցումը հասանելիության սահմաններում է: Նա ասել է, թե ապրիլին Ֆինլանդիան է համալրել ՆԱՏՕ-ի ընտանիքը, և դա հսկայական փոփոխություն է ընդհանուր անվտանգության համակարգում, իսկ հիմա եկել է Շվեդիայի հերթը:

Ձգձգումը կողջունի Վլադիմիր Պուտինը

Այդ երկիրը լրամշակել է Սահմանադրությունը, հակաահաբեկչական նոր օրենքներ է ընդունել, վերացրել է Թուրքիայի հետ զենքի վաճառքի սահմանափակումները: Բոլորը համաձայն են, որ Շվեդիան լուրջ աշխատանք է կատարել, ասել է նա։

Ապա գլխավոր քարտուղարը խոսել է Շվեդիայում Թուրքիայի և ՆԱՏՕ-ի դեմ ցույցերի մասին, նշելով, որ դրանց կազմակերպիչները ցանկանում են կասեցնել Շվեդիայի անդամակցումը:

«Պարտավոր ենք հստակ գիտակցել՝ այս սադրանքները ձեռնտու են միայն նրանց, ովքեր ուզում են պառակտել ՆԱՏՕ-ն: Շվեդիայի անդամակցման հետագա ձգձգումը կողջունեն միայն Քրդական աշխատավորական կուսակցությունը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը»,- ասել է Ստոլտենբերգը:

Շվեդիան և Ֆինլանդիան 2022-ի փետրվարին ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո են վճռել միանալ ՆԱՏՕ-ին և հայտերը ներկայացրել են անցյալ տարվա մայիսին:

Անկարան առարկել է, պահանջելով, որ սկանդինավյան երկու երկրներն արտահանձնեն Թուրքիայում ահաբեկիչ համարվող անձանց, ապաստան չտան քուրդ զինյալներին և Միացյալ Նահանգներում ապրող կրոնական առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենի հետևորդներին:

Մադրիդյան համաձայնությունը՝ ճանապարհային քարտեզ

Անկարային այդ հարցում սատարել է Բուդապեշտը, որը միաժամանակ բայց նկատել է տվել, թե թուրքերի դրական որոշման դեպքում հունգարացիներն էլ կհրաժարվեն առարկություններից:

Անցյալ տարվա հունիսի 28-ին Մադրիդում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիտոն և Շվեդիայի այն ժամանակվա վարչապետ Մագդալենա Անդերսոնը կնքել են եռակողմ համաձանություն, որը համարվել է ՆԱՏՕ-ին երկու երկրների անդամակցության յուրօրինակ ճանապարհային քարտեզ:

Այս տարվա մարտի 31-ին Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Ֆինլանդիայի հայտը, և ապրիլի 4-ին Ֆինլանդիայի դրոշը հանդիսավորությամբ բարձրացվել է Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանի շքամուտքի մոտ:

Հարցեր լուծելու միջոցը դրանց քննարկումն է

Ինչպե՞ս լուծել մնացած հարցերը՝ Ստոլտենբերգի առաջարկն է՝ խոսել իրար հետ: Յենս Ստոլտենբերգի համոզմամբ, միակ եղանակն այն է, որը կիրառվում ենք ՆԱՏՕ-ում:

«Պետք է նստել սեղանի շուրջ և խորհրդակցել ու գտնել առաջ տանող ուղին: Մենք լավ առաջընթաց ենք գրանցել այս հանդիպմանը, շատ հնարավոր է, որ գագաթնաժողովում որոշում կայացնենք, և Շվեդիայի հայտի վավերացումը հնարավորինս արագ ընդունվի»,- ասել է գլխավոր քարտուղարը:

Բիլստրյոմը և Ֆիդանը դրական են գնահատել քննարկումը

Բրյուսելյան քննարկումներից գոհ է նաև Շվեդիայի արտաքին գերատեսչության ղեկավարը: Նա ենթադրում է, որ հավատում է, որ Վիլնյուսում նախագահ Էրդողանի և վարչապետ Կրիստերսոնի հանդիպումն արդյունավետ կլինի:

«Գործընթացը շարունակվում է, մենք շատ ակտիվ ենք աշխատում ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, հույս ունենք, որ դրական որոշում կլինի, բայց դա, իհարկե, Թուրքիայի որոշելիքն է»,- ասել է Բիլստրյոմը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Շվեդիան դրական քայլեր է կատարել. «Հանվել են զենքի առևտրի սահմանափակումները, հունիսի 1-ից խստացվել է ահաբեկչության դեմ պայքարը, հիմա կարևոր է, որ այդ օրենքի լրամշակումները գործնականում կիրառվեն»,- ասել է թուրք նախարարը:

F-16-ների հարցի լուծումը նույնպես կօգնի Ստոկհոլմին

Վերլուծաբանները չեն բացառում, որ Անկարան կարող է Շվեդիայի հարցում մեղմել դիրքորոշումը նույնիսկ այն դեպքում, եթե Ստոկհոլմի ստանձնած պարտավորություններից մի քանիսը կատարված չլինեն:

Շատ բան կախված կլինի F-16 տեսակի ամերիկյան մարտական օդանավերի գործարքի շուրջ տարիներ տևող թուրք-ամերիկյան բանակցությունների ընթացքից:

XS
SM
MD
LG