Մատչելիության հղումներ

Անկարան և Բուդապեշտը շարունակում են արգելափակել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին


Հաջորդ ամիս Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Շվեդիան, ըստ ամենայնի, դաշինքի անդամ չի դառնա։ Ստոկհոլմի վերջին հույսերը մարեցին երեկ երեկոյան, երբ հայտնի դարձավ, որ Հունգարիայի խորհրդարանը որոշել է սկանդինավյան այս պետության՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության մասին համաձայնագրի վավերացման հարցը ընդգրկել աշնանային նստաշրջանի օրակարգում։

Հունգարիայի իշխանությունները իրենց այս քայլը պատճառաբանում են վերջին տարիներին Շվեդիայի կողմից դրսոևորվող պահվածքով։ Բանն այն է, որ Շվեդիան Հունգարիայի ներքաղաքական զարգացումները, մասնավորաբար «ժողովրդավարական հաստատությունների դեգրադացիան» առավել ակտիվորեն քննադատող ԵՄ անդամների թվում է։ Ստոկհոլմի և Բուդապեշտի հարաբերությունները այն աստիճանի են սրվել, որ Հունգարիայի կառավարության աշխատակազմի ղեկավարը գարնանը հայտարարել էր, թե դրանք «պատմականորեն ամենացածր մակարդակի վրա են»։ Որոշ վերլուծաբանների համոզմամբ՝ արգելակելով Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ Օրբանի կառավարությունը նաև ընդգծում է այն առանձնահատուկ հարաբերությունները, որ չնայած ուկրաինական պատերազմին, պահպանվում են Բուդապեշտի և Մոսկվայի միջև։

«Հունգարական խորհրդարանի կայացրած որոշման մասին ես պատրաստվում եմ մի քանի խոսք փոխանակել այդ երկրի վարչապետի հետ», -այսօր Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովից առաջ հայտարարում էր Շվեդիայի կառավարության ղեկավար Ուլֆ Քրիստերսոնը։

Շվեդիայի վարչապետի խոսքով, սակայն, ՆԱՏՕ-ի ճանապարհին Ստոկհոլմի գլխավոր խոչընդոտը շարունակում են մնալ թուրքերը։

«Կարծում եմ, որ մենք Մադրիդում կնքված հուշագրով ստանձնած բոլոր պարտավորությունները կատարել ենք։ Բայց ես պետք է մեկ անգամ ևս կրկնեմ՝ վերջնական որոշման իրավունքը Թուրքիայինն է, և մենք հարգում ենք այդ հանգամանքը», - նշել է Քրիստերսոնը։

Անկարայից հնչող հայտարարություններից դատելով՝ Թուրքիայի որոշումը շվեդերի համար այնքան էլ դրական չի լինի։

«Քրդական բանվորական կուսակցության անդամները շարունակում են Շվեդիայի տարածքում ազատորեն ցույցեր կազմակերպել, տեղի քրդերին հավաքագրել իրենց շարքերը և նրանցից ֆինանսական օժանդակություն ստանալ», - նախօրեին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Ռեջեպ Թայիփ Էրդողանը։

Գերմանական կառավարության ղեկավարը, սակայն, նույնիսկ Էրդողանի այս կոշտ ուղերձից հետո հույսը չի կորցնում, թե Վիլնյուսի գագաթնաժողովի ընթացքում հնարավոր կլինի վերջնականապես փակել շվեդական անդամակցության հարցը։

«Ես դեռ հույս ունեմ, որ Ֆինլանդիայից հետո Շվեդիան ևս ՆԱՏՕ-ի անդամ կդառնա։ Դա շատ կարևոր քայլ կլինի», - այսօր Բրյուսելում հայտարարեց Շոլցը։

ՆԱՏՕ-ին Շվեդիայի արագացված անդամակցության հեռանկարը էլ ավելի մշուշոտ դարձավ երեկ Ստոկհոլմի կենտրոնական մզկիթի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Իրաքից ներգաղթած մի տղամարդ պատռեց, ապա այրեց մահմեդականների սրբազան գիրքը՝ Ղուրանը։

Նախապես լայնորեն գովազդված այս գործողությունը իրականացվեց այն բանից հետո, երբ Ստոկհոլմի դատարանը մերժեց այն արգելելու հայցը՝ պնդելով, թե դրա հեղինակը այդպիսով իրացնում է ազատորեն կարծիք արտահայտելու իր սահմանադրական իրավունքը։

Եվ պատահական չէր, որ առաջիններից մեկը Ղուրանի պղծումը դատապարտեց Շվեդիայի հետ բարդ հարաբերություններ ունեցող Թուրքիայի ԱԳ նախարարը։

«Անիծված լինի Կուրբան-Բայրամ տոնի առաջին իսկ օրը կատարված այս քայլը։ Անընդունելի է, երբ նման գործողությունները հանդուրժվում են խոսքի ազատությունը հարգելու պատրվակով», - Twitter-ում գրել է Հաքան Ֆիդանը։

Մի քանի ժամ առաջ Ստոկհոլմի միջադեպին անդրադարձավ արդեն անձամբ Թուրքիայի նախագահը։

«Մահմեդական տոնի առաջին օրը Սուրբ գրքի այրման համար մեղավոր են թե դրա անմիջական հեղինակները, թե այն մարդիկ, որոնք թույլ տվեցին այդ արարքը՝ խոսքի ազատության պաշտպանության կեղծ պատճառաբանությամբ։ Մենք շատ կոշտ ենք արձագանքելու Շվեդիայի այդ գործողություններին և ցույց ենք տալու, որ Ղուրան այրելը խոսքի ազատության հետ որևէ կապ չունի», - դիմելով իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության անդամներին հայտարարում էր Թուրքիայի նախագահը։

Ստոկհոլմում տեղի ունեցած սրբապղծությունը խստորեն դատապարտում են նաև Վաշինգտոնում, երեկ երեկոյան կայացած ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտարարեց Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։

«Մենք մշտապես ասել ենք, որ կրոնական տեքստեր այրելը անհարգալից և վիրավորական քայլ է։ Այն, ինչ կարող է օրինական լինել, անպայման չէ, որ նաև տեղին լինի», -հայտարարել է Պատելը։

Աշխարհի մահմեդականների աչքում դրական լույսի ներքո ներկայանալու առիթը բաց չթողեց նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Դաղստան կատարած այցի ընթացքում այցելելով Դերբենտի «Ջումա» մզկիթ Պուտինը հայտարարել է. - «Մենք գիտենք, որ այլ երկրներում չեն հարգում ուրիշների կրոնական զգացմունքները և դեռ ասում են, թե դա հանցագործություն չէ։ Մեր երկրում դա հանցագործություն է՝ թե Սահմանադրության և թե Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի համաձայն»։

XS
SM
MD
LG