Հունգարիայի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովը մերժել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը վավերացնելու հարցը հաջորդ շաբաթ կայանալիք լիագումար նիստի օրակարգում ընդգրկելու ընդդիմադիր խմբակցության առաջարկը, հանձնաժողովի փակ նիստից հետո «Ռոյթերսին» ասել է «Դեմոկրատական դաշինք» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ագնես Վադայը։ Իշխող ուժի պատգամավորները մերժել են առաջարկը։
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը Բրյուսելում այսօր լրագրողներին ասել է, թե մտադիր է այստեղ մի քանի խոսք փոխանակել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։
«Ավելի վաղ ես տեղեկացվել էի, որ նրանք չեն պլանավորում հետաձգել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը»,- նշել է Շվեդիայի վարչապետը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չորեքշաբթի ասել էր, որ Թուրքիայի, Շվեդիայի ու Ֆինլանդիայի բարձրաստիճան պաշտոնյաներին հրավիրել է հուլիսի 6-ին հանդիպել Բրյուսելում՝ փորձելու հաղթահարել Թուրքիայի առարկությունները։
Հուլիսի 11-12-ին Վիլնյուսում անցկացվելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Թուրքիան և Հունգարիան արգելափակում են Շվեդիայի մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք։ Դաշինքի անդամ մյուս բոլոր երկրները վավերացրել են Շվեդիայի անդամակցության հայտը։