Լեռնային Ղարաբաղում նոր բախումները չեն հանգեցրել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների դադարեցմանը։ Այս մասին երեկ ճեպազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Մենք շատ անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում մարդկային կորուստների կապակցությամբ և մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին: Այս միջադեպն ընդգծում է բախումներից խուսափելու անհրաժեշտությունը, ինչպես նաև կայուն խաղաղության կարևորությունը», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
«Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել կողմերին հասնել այդ նպատակին: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անմիջականորեն ներգրավված է խաղաղ գործընթացում։ Ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է», - ընդգծել է Պատելը:
Նրա խոսքով՝ հունիսի 27-ին Բլինքենի հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ կառուցողական էին։ ԱՄՆ-ը, նշել է Պատելը, կշարունակի շփումներ կազմակերպել նաև այսօր։ «Մենք անհամբեր սպասում ենք, որ այս բանակցությունները շարունակվեն», - հավելել է նա։
«Հանդիպումների ժամանակացույցում փոփոխություններ չկան, ամեն ինչ կշարունակի ընթանալ այնպես, ինչպես նախատեսված էր», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության հրապարակած ժամանակացույցի համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների փակման նիստին պետքարտուղարի մասնակցությունը ծրագրվում է այսօր Երևանի ժամանակով ժամը 22:30-ին:
Արցախի Պաշտպանության բանակը երեկ վաղ առավոտյան հաղորդեց, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև անօդաչու թռչող սարքեր, հայկական կողմը 4 զոհ ունի: Արցախի խորհրդարանը Հայաստանի պատվիրակությունից պահանջեց դադարեցնել հունիսի 27-ին մեկնարկած բանակցությունները Վաշինգտոնում: