Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում կայացել է Միրզոյան-Բայրամով-Սալիվան եռակողմ հանդիպումը


Այսօր Վաշինգտոնում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի եռակողմ հանդիպումը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնում է, որ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները:

Արարատ Միրզոյանն ընդգծել է Ալմա-Աթայի հռչակագրի և 1975թ. քարտեզի հիման վրա սահմանազատման հարցում առավելագույն որոշակիության ապահովման, ինչպես նաև զորքերի հետքաշման կարևորությունը: Ըստ հաղորդագրության, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերին՝ ընդգծելով ինքնիշխանության, իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների պահպանմանն այլընտրանքի բացակայությունը:

Հայաստանի ԱԳ նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների պատշաճ հասցեագրման կարևորությունը:

Անդրադառնալով ԼՂ-ում Ադրբեջանի հերթական ագրեսիվ գործողությանը, որի արդյունքում այսօր ԼՂ ՊԲ-ն ունեցել է չորս զոհ՝ Միրզոյանը շեշտել է, որ նման գործողությունները միտված են խաթարել բանակցային գործընթացին ուղղված ջանքերը և ընդգծել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառման հրամայականը:

ԱԳ Նախարարը նշել է՝ «այդ գործողությունը տեղի է ունենում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, ԼՂ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման՝ Ադրբեջանի կողմից միտումնավոր խափանումներին զուգահեռ, ինչը միտված է Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելուն»:

Գիշերը արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած կրակոցների հետևանքով հայկական կողմում 4 զինծառայող է զոհվել։ Պաշտպանության բանակն այսօր առավոտյան հրապարակեց նրանց անունները՝ առանց նշելու տարիքը։ Ռազմական գերատեսչության հաղորդմամբ, Ադրբեջանի զինուժը հրետանային միջոցներից կրակ է բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառել նաև անօդաչու թռչող սարքեր։

Հայ-ադրբեջանական բանակցությունները երեկ սկսվեցին ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ, ապա՝ երկկողմ ձևաչափով շարունակվեցին։ Էնթոնի Բլինքենը Թվիթերում երեկոյան իր աջակցությունը հայտնեց երկկողմ բանակցություններին՝ դարձյալ ընդգծելով երկխոսության կարևորությունը։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերն ասել է, որ բանակցությունները կտևեն մինչև հինգշաբթի՝ հունիսի 29-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG