Մատչելիության հղումներ

Մարտունու շրջանում ադրբեջանցիները կրակել են դաշտերում աշխատող բնակիչների ուղղությամբ. Արցախ ՆԳՆ


Մարտունու շրջանում ադրբեջանցիները կրակել են դաշտերում աշխատող քաղաքացիների ուղղությամբ, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը՝ նշելով՝ գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են:

«Հունիսի 28-ին ժամը 12:00-ի սահմաններում Ճարտար քաղաքի բնակիչ Վահե Առստամյանը (ծնված 1987թ.) Մարտունի քաղաքի վարչական տարածքի «64 հեկտար» կոչվող տեղամասում հացահատիկահավաք կոմբայնով հունձ կատարելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են կոմբայնի ուղղությամբ։

Նույն օրը ժամը 12:00-ի սահմաններում, Գիշի գյուղի բնակիչ` Բախշի Ղահրամանյանը (ծնված 1961թ.) Ճարտար քաղաքի վարչական տարածքի «Ղուրուսու» կոչվող տեղամասում, «Բելառուս-80» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների թիրախում։

Վերջիններս մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակել են իր ուղղությամբ», - մասնավորապես նշված է հաղորդագրությունում։

Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

Անցած գիշեր էլ կրակոցներ էին տեղի ունեցել արցախա-ադրբեջանական շփման գծում, ինչի հետևանքով հայկական կողմում 4 զինծառայող է զոհվել։ Պաշտպանության բանակն այսօր առավոտյան հրապարակեց նրանց անունները՝ առանց նշելու տարիքը։ Ռազմական գերատեսչության հաղորդմամբ, Ադրբեջանի զինուժը հրետանային միջոցներից կրակ է բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառել նաև անօդաչու թռչող սարքեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG