«Կա մի քանի հիմնական թեմա, որտեղ կողմերի միջև շարունակում են տարաձայնություններ գոյություն ունենալ», - ասաց Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը՝ «Ազատության» հետ զրույցում խոսելով Վաշինգտոնում երեքշաբթի օրը մեկնարկած հայ - ադրբեջանական բանակցությունների մասին:
«Առաջին հարցը, իհարկե, Լեռնային Ղարաբաղի հետ կապված խնդիրներն են և մասնավորապես Ստեփանակերտ - Բաքու այդ ուղիղ բանակցային մեխանիզմի ստեղծումը», - նշեց քաղաքագետը:
Երկրորդ փաթեթը, ըստ Գրիգորյանի, «սահմանային հարցերն են, այսինքն՝ դելիմիտացիայի, դեմարկացիայի հետ կապված խնդիրները, թե որ քարտեզի կամ քարտեզների հիման վրա պետք է այդ գործընթացը իրականացվի, Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը, անկլավների հարցը, և այլն»:
«Երրորդ փաստը, որի շուրջ կան տարաձայնություններ կողմերի միջև և չկա դեռևս համաձայնություն, կապված է այսպես կոչված երաշխավորի ինստիտուտի հետ, այսինքն՝ ինչպիսի մեխանիզմներ են ստեղծվելու, որպեսզի պայմանագրի ստորագրումից հետո կողմերը հավատարիմ մնան այդ պայմանավորվածություններին», - շարունակեց քաղաքագետը:
Գրիգորյանի խոսքով՝ կան նաև այլ հարցեր, որոնք «երևի առանձին օրակարգ կարելի է համարել խաղաղության պայմանագրի օրակարգից, մասնավորապես՝ ապաշրջափակման թեման»: «Ես չգիտեմ՝ Վաշինգտոնում ինչքանով է անդրադարձ կատարվելու այս թեմային, որովհետև, այնուամենայնիվ, արտգործնախարարների հանդիպման հիմնական նպատակը հենց խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումն է, բայց պետք է նշել, որ կան նաև այլ խնդիրներ», - ընդգծեց քաղաքագետը:
Գլխավոր խոչընդոտը շարունակում է մնալ Բաքու - Ստեփանակերտ երկխոսությունը՝ միջազգային հովանու ներքո, այդ հարցում նաև միջազգային հորդոր-ճնշումները կան, Բաքուն կարո՞ղ է տեղի տալ դրանց. - այս հարցին Տիգրան Գրիգորյանն արձագանքեց. - «Տեսականորեն, իհարկե, հնարավոր է: Կարծես թե հանդիպման անցկացման վերաբերյալ ինչ-որ համաձայնություններ կային մինչև ռուսական կողմի միջամտությունը, Ադրբեջանը կարծես թե համաձայնել էր գաղտնի ձևաչափով երրորդ երկրում հանդիպման մասնակցել Ստեփանակերտի հետ, բայց ռուսական կողմի տեղեկատվական կամ քարոզչական միջամտությունից հետո կարծես թե լուրջ խոչընդոտներ են ստեղծվել նաև այս հարցում»:
«Բայց հայկական կողմի համար և մասնավորապես Ստեփանակերտի համար կարևոր է, որպեսզի ոչ միայն տեղի ունենա ինչ-որ հանդիպում երրորդ երկրում, այլ նաև ստեղծվի հստակ ձևաչափ, հստակ պատկերացում, թե այդ հանդիպումները ինչպես պետք է տեղի ունենան, որպեսզի լինեն երաշխիքներ, որ այդպիսի հանդիպումները շարունակական կլինեն», - ընդգծեց քաղաքագետը:
«Աստեղ ամեն ինչ կախված է լինելու մանրուքներից՝ ինչպիսի ձևաչափով պետք է լինի, ինչպիսի պայմանավորվածություններ կան այդ ձևաչափի ինստիտուցիոնալիզացիայի վերաբերյալ, և այստեղ հնարավոր է մի իրավիճակ, որ Ադրբեջանը կարող է համաձայնել ինչ-որ մեխանիզմի ստեղծմանը, բայց նաև հայկական կողմին պարտադրի զիջումների գնալ այդ հարցում», - ասաց Տիգրան Գրիգորյանը: