Հայաստանի վարչապետը Թվիթերում գրառում է կատարել՝ միջազգային հանրությանը կոչ անելով Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները և անվտանգությունն ապահովելու գործնական քայլեր ձեռնարկել:
«Մինչ Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակված է, այս գիշեր անօդաչու թռչող սարքի կիրառմամբ ադրբեջանական հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել», - ասված է Նիկոլ Փաշինյանի գրառման մեջ:
«Հարավային Կովկասում ապակայունացման բարձր ռիսկ», - իր գրառումն ամփոփում է Փաշինյանը:
Արցախի Պաշտպանության բանակն այսօր վաղ առավոտյան հաղորդեց, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև անօդաչու թռչող սարքեր, հայկական կողմը 4 զոհ ունի: