Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում մեկնարկել են հայ-ադրբեջանական բանակցությունները


Վաշինգտոնում մեկնարկել են ամերիկյան միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունները։ Լուսանկարները տարածել է Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը։

Պետքարտուղար Բլինքենն այսօր իր աշխատանքային օրը, ըստ հրապարակված ժամանակացույցի, պետք է սկսեր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմամբ. դա Երևանի ժամանակով 16:45-ին էր, 40 րոպե անց առանձնազրույց ունենար Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ։

Վաշինգտոնի մերձակա Արլինգթոնի Ջորջ Շուլցի անվան կենտրոնում պետքարտուղարի մասնակցությամբ արդեն մեկնարկած բանակցությունները այս հանդիպումներին են հաջորդում: Այս պահին միայն լուսանկարներ են տարածվել, օրակարգի մասին տեղեկություններ կողմերից ոչ մեկը չի հայտնել։

Երևանը միայն ընդհանուր էր անդրադարձել քննարկումների օրակարգին, թե դրանք վերաբերելու են խաղաղության պայմանագրին։

Բանակցությունները կտևեն մինչև հինգշաբթի՝ հունիսի 29-ը, նախօրեին տեղեկացրել էր Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:

Ամերիկացի պաշտոնյան հայտարարել է՝ հավատում են, որ խաղաղության հնարավոր է հասնել, ու ուղիղ երկխոսությունն է հարցերի լուծման բանալին։ Միլլերը չէր թաքցրել՝ Միացյալ Նահանգները ևս մի շարք հարցեր ունի, որոնք ուզում է այդ հանդիպմանը քննարկել։ Ամերիկացի պաշտոնյան, սակայն, չէր մանրամասնել շրջանակը։

Դրանցից մեկի մասին ԱՄՆ-ը բաց խոսում է։ Ընդամենը մի քանի օր առաջ Վաշինգտոնը վերահաստատեց՝ պնդում են, որ «տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը»։

Հենց միջազգային հովանու ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունն է կողմերի ամենասկզբունքային տարաձայնությունը։ Երևանը կատարել է Բաքվի գլխավոր պահանջը. վարչապետն անձամբ անցած ամիս հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս։ Այնինչ Բաքուն շարունակում է մերժել Ղարաբաղի հայերին անվտանգության հավելյալ երաշխիքներ տրամադրելու Երևանի առաջարկը՝ առավելագույնը ակնարկելով մշակութային ինքնավարության մասին։

Բացի այդ Հայաստանի և Արցախի սահմանային լարվածության, մեկ ամսից ավելի չդադարող կրակոցների ֆոնին Բաքվից նաև նոր պահանջներն ու սպառնալիքները չեն դադարում։ Շրջափակված Արցախում սննդամթերքի, դեղորայքի բառացի դեֆիցիտի պայմաններում Իլհամ Ալիևը կրկին բարձրացնում է Ղարաբաղից հայկական բոլոր զինված ուժերը դուրս բերելու պահանջը։ Զուգահեռ պաշտպանության նախարար Հասանովը սպառնում, թե Ղարաբաղում մնացած ռազմական խմբավորումները ոչնչացնելու համար ադրբեջանական բանակի մեկ կորպուսն էլ բավական է։ Ադրբեջանցիները նաև «Զանգեզուրի միջանցք» բացելու իրենց ծրագրերից չեն հրաժարվում։

Այս պայմաններում Երևանում, մասնավորապես, Ազգային ժողովի նախագահը երեկ հույս էր հայտնում, թե այսօր մեկնարկող բանակցություններում կարող է առաջընթաց գրանցվել, սկզբունքային համարելով՝ արցախահայության իրավունքների ու անվտանգության հարցով բանակցությունների շուրջ համաձայնությունը։

«Ես հիմա վստահ չեմ, որ մենք խաղաղության պայմանագրում դա պետք է ամրագրենք, այլ ոչ թե մեկ այլ փաստաթղթում, որտեղ երաշխավոր կհանդիսանա որևիցե երկիր կամ մի քանի երկրներ: Ուզում եմ ասել՝ եթե այդ հարցը չքննարկվեց, եթե այդ հարցի լուծումը չեղավ, նշանակում է, որ առնվազն բանակցությունների մեծ մասն անիմաստ խոսակցություններ կարող են համարվել», - ասաց Ալեն Սիմոնյանը:

Մայիսի սկզբին հայ-ադրբեջանական վաշինգտոնյան բանակցություններից հետո Երևանն ու Բաքուն նույնանման հայտարարություններ տարածեցին, թե խաղաղության համաձայնագրի նախագծի քննարկումներում առաջընթացին զուգահեռ առանցքային մի շարք հարցերում դիրքորոշումները չի հաջողվել մոտեցնել, դրանք մնացել են տարամետ։ Ինչպես անցած տարի, այս տարի ևս կողմերը հուսով են, թե մինչև տարեվերջ փաստաթուղթ կստորագրեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG